Ռիշար Կլայդերմանի անակնկալը` կանանց տոնի առթիվ. աշխարհահռչակ դաշնակահարը կրկին Երեւանում է (ֆոտո)

13:29   17 մարտի, 2017

Ֆրանսիացի աշխարհահռչակ դաշնակահար Ռիշար Կլայդերմանը լուսադեմին ժամանել է Երեւան: Երաժիշտն արդեն երկրորդ անգամ ելույթ կունենա հայ երկրպագուների համար:

Ինչպես նախորդ տարի` այս տարի եւս Կլայդերմանի մենահամերգը նվիրված կլինի կանանց մեկամսյակին.

«Այս անգամվա ռեպերտուարս տարբերվելու է նախորդից: Կլինեն նոր անակնկալներ»,-այսօր` մարտի 17-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց հայտնի երաժիշտը` հույս հայտնելով, որ իր հաջորդ երեւանյան համերգի ժամանակ կնվագի նաեւ հայկական ստեղծագործություններ:

«Նախորդ համերգիս ժամանակ հայ հանդիսատեսն ինձ շատ ջերմ ընդունեց, նաեւ ճանաչեցի շատ տաղանդավոր հայ երաժիշտների: Նման մթնոլորտն ինձ ոգեշնչում է»,- ասում է Կլայդերմանը` հավելելով, որ ճանապարհորդությունների ընթացքում հաճախ է հանդիպում տաղանդավոր մարդկանց:

NEWS.am STYLE-ը հետաքրքրվեց երաժիշտից, թե քանի օր է մնալու Հայաստանում եւ ինչ ծրագրեր է իրականացնելու այստեղ բացի մենահամերգից.

«Համերգի հաջորդ օրը մեկնելու եմ Հայաստանից, քանի որ այլ երկրերում էլ պետք է ելույթներ ունենամ: Հուսով եմ` հաջորդ այցիս ժամանակ կկարողանամ ավելի երկար մնալ եւ շատ տեղեր այցելել Հայաստանում», - նշում է Կլայդերմանը, որի համար իսկական երջանկությունը երաժշտության հանդեպ սերն է:

Ռիշար Կլայդերմանի երեւանյան մենահամերգը կկայանա վաղը` մարտի 18-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բեմի վրա աշխարհահռչակ դաշնակահարին կմիանա նաեւ Հայաստանի պետական կամերային նվագախումբը:

 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE