Նորաձեւության վեց թրենդ, որոնք ժամանակն է մոռանալ

14:54   19 մարտի, 2017

Նորաձևեւությունն, իհարկե, անկանխատեսելի է, եւ այն, ինչ այսօր նորաձեւ չէ, վաղը կարող է դառնալ թրենդային, սակայն կան իրեր եւ աքսեսուարներ, որոնք վաղուց իրենց «դարն ապրել են»:

NEWS.am STYLE-ը խորհուրդ է տալիս եթե ոչ դեն նետել, ապա գոնե զգեստապահարանի խորը անկյուններում պահել այս իրերը:

1. Ծաղիկներով գլխազարդեր

Եթե ծաղկային նախշը հագուստի մեջ դեռ թրենդային է համարում, ապա ծաղիկներով գլխազարդերը վստահաբար զիջել են իրենց դիրքերը: Այժմ թրենդում թանկարժեք քարերով գլխազարդերն են:

2. Ցածր գոտկատեղով տաբատ

Մեր մայրիկների եւ, հատկապես, տատիկների այդքան ատելի՝ ցածր գոտկատեղով տաբատներն արդեն մի քանի սեզոն է, ինչ դուրս են եկել նորաձեւությունից: Դրանց փոխարեն նախապատվությունը տվեք բարձր գոտկատեղ ունեցող տաբատներին:

3. Լեջինսեր

Դե, եթե խոսք գնաց տաբատների մասին, ապա չենք կարող չնշել նաև տաբատի պատրանք ստեղծող լեջինսերի մասին: Պարզապես դեն նետեք դրանք ձեր զգեստապահարանից: Ծայրահեղ դեպքում կրեք դրանք միայն տանը:

Նույնը վերաբերում է նաեւ գունավոր եւ տարբեր նախշերով լեգինսներին:

4. Գործված երկարաճիտ կոշիկներ

Նման երկարաճիտ կոշիկները սովորաբար հագնում են ամռանը, բայց մենք խորհուրդ ենք տալիս հրաժարվել այդ մտքից: Փառք Աստծո, Հայաստանում ամառը բավականաչափ տաք է՝ բոկոտիկներ կրելու համար:

5. Միանման պայուսակ եւ կոշիկ

Տարիներ առաջ անընդունելի էր կրել տարբեր գույնի եւ ոճի պայուսակ ու կոշիկ, բայց նորաձեւությունը չի սիրում սահմանափակումներ, եւ այդ պատճառով արդեն տեւական ժամանակ է, ինչ այդ միտումը դուրս է մղվել նորաձեւությունից:

6. Միանման զարդեր

Հայերի այդքան սիրած՝ միանման զարդերի հավաքածուներն արդեն անցյալում են: Այժմ բոլորովին կարիք չկա, որ ձեր վզնոցը, ականջօղերը կամ մատանին լինեն միեւնույն հավաքածուից: Հակառակը, որքան տարբեր լինեն դրանք, այնքան ավելի օրիգինալ տեսք կունենաք:

Գլխավոր լուսանկարը՝ en.itao.com-ի



© NEWS.am STYLE