Նրա անունն է ռոք-ն-ռոլ. Չաք Բերիի հիշատակին

20:05   19 մարտի, 2017

NEWS.am STYLE-ը չէր կարող մեծն երաժիշտին չնվիրել այս հոդվածը:

Մարտի 18-ին 90 տարեկանում մահացել է «Ռոք-ն-ռոլի հայր»-ը (Father of Rock 'n' Roll)` Չաք Բերին: Մահվան մանրամասների մասին դեռեւս քիչ բան է հայտնի, սակայն նշվում է, որ Միսուրի նահանգում շտապ օգնության ավտոմեքենան 90-ամյա երգչին եւ կիթառահարին օգնության է շտապել ժամը 12:40-ին, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել նրան:

Երգչի ընտանիքը դեռեւս մանրամասներ չի հաղորդում:

Առհասարակ, Չաքին «Ռոքի հայր» անվանելը սխալ է, Չաքը հենց ռոք-ն-ռոլն ինքն էր` ինչպես երաժշտության մեջ, այնպես էլ կյանքում: Բերին այն մարդն է, որն ԱՄՆ սեւամորթ բնակչության «ռիթմ -ընդ- բլյուզը» դարձրեց «մեյնսթրիմային» ռոք-ն-ռոլ` սպիտակամորթների համար:

Բերիի «ֆիրմային»` կիթառով քառատակտ ելույթը եւ երգերի սուր տեքստերը արտացոլում էին 1950-ականներին նրա երիտասարդության ըմբոստ ոգին: Սակայն, չնայած ցնցող հաջողությանը` Բերին ֆինանսական բարդություններ է ունեցել սեփական մենեջերների անբարեխճության պատճառով եւ հաճախ խնդիրներ ունեցել օրենքի հետ:

Բերիի մայրը դպրոցի տնօրեն էր, հայրը` քահանա բապտիստական եկեղեցում: Չաքի առաջին համերգը տեղի է ունեցել դպրոցում՝ 1941-ին: Իսկ հետո  նա 1944-ին` դեռեւս դպրոցում սովորելու տարիներին, երկու ընկերների հետ` օգտագործելով կոտրված ատրճանակ, Կանզասում երեք խանութ է կողոպտել եւ ավտոմեքենա գողացել, ինչի համար երեքն էլ դատապարտվել են 10 տարվա ազատազրկման:

Բանտում Չաքը շարունակել է զբաղվել երաժշտությամբ` նա երաժշտական կվարտետ է կազմակերպել: 21 տարեկանում՝ ժամկետից շուտ, նա ազատ է արձակվել:

1955-ի մայիսին Բերրին` Մադի Ուոթերսի խորհրդով, հետաքրքրվել է Chess Records բլյուզային լեյբլի սեփականատեր Լեոնարդ Չեսիով:  Նույն տարում այդ ստուդիայում ձայնագրվել է Չաք Բերիի առաջին սինգլը` «Maybellene»-ը:

Սինգլը վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակով եւ առաջին տեղը զբաղեցրել ամերիկյան հիթ-շքերթում` ռիթմ-ընդ-բլյուզ կատեգորիայում, իսկ սեպտեմբերին զբաղեցրել է հինգերորդ տեղը` ԱՄՆ-ի գլխավոր ազգային հիթ շքերթում: Իսկ հետո Չաքի ամբողջ կյանքում միմյանց են հաջորդել երաժշտության ստեղծումը, բանտն ու դատական պարզաբանումները: 

Եթե դուք չեք տեսել «Կադիլակ Ռեքորդս» ֆիլմը, ապա արժե այն դիտել: Ի դեպ, բլյուզի եւ ռոքի ծննդյան մասին կինոնկարի պրոդյուսերը Բեյոնսեն է (ժապավենում խաղում է նաեւ Էթու Ջեյմսը), իսկ գլխավոր դերում Էդրիեն Բրոուդին է (մարմնավորում է Չեսին):

Բարետես Մոս Դեֆը մարմնավորել է Չաքին` իր դերը գերազանց կատարելով: Ֆիլմն ամբողջությամբ արտացոլում է դարաշրջանի ոգին:  Դիտեք այն՝ ի հիշատակ Բերիի: 

Rolling Stone պարբերականը նրան ներառել է բոլոր ժամանակների 50 մեծն կատարողների առաջին տասնյակում: 

 

Ռոքի աստղերը մահից հետո չեն խամրում, այլ ավելի ուժգին են վառվում...

 



© NEWS.am STYLE