«Ռիսկային երգ է». Թամար Կապրելյանը` «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան երգի մասին

13:15   20 մարտի, 2017

«Արծվիկի երգը միանշանակ ռիսկային է, քանի որ այն ավանդական փոփ երաժշտության կառուցվածք չունի, կրկներգն էլ ստանդարտ չէ»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով մեր այս տարվա եվրատեսիլյան երգին, ասաց Հայաստանը «Եվրատեսիլ-2015»-ին «Genealogy» խմբի կազմում ներկայացրած երգչուհի եւ երաժիշտ Թամար Կապրելյանը։

«Կարծում եմ, Արծվիկը հրաշալի ձայն ունի` նա շատ մաքուր եւ էմոցիոնալ է երգում»,-նշեց Թամարը` հավելելով, որ մեր այս տարվա երգը տարբերվում է իր եզակիությամբ։

Թամարի կարծիքով` շատ կարեւոր է, որ երգն ունենա գեղեցիկ բեմադրություն.

«Նաեւ մյուս պետությունների երգերն եմ լսել: Ըստ իս` եթե այս երգը ներկայացվի հզոր բեմադրությամբ, Արծվիկը եզրափակչի լավագույն հնգյակում կլինի»,-նշեց երգչուհին:

«Fly with me» երգի խոսքերի հեղինակներն Ավետ Բարսեղյանն ու Դավիթ Ծերունյանն են, երաժշտությունը հեղինակել են Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյանները: Երգը մի աղջկա մասին է, որը մարմնավորում է Սերը:

Այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթն անց է կացվելու Կիեւում: Արծվիկը ելույթ է ունենալու մայիսի 9-ին` մրցույթի առաջին կիսազերափակչի ժամանակ;

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE