Ինչպե՞ս մազերի սանր ընտրել

13:12   31 մարտի, 2013

Ինչո՞ւ վարսահարդարի ձեռքով արված սանրվածքը չենք կարողանում ստանալ տանը: Թվում է՝ ամեն ինչ պարզ է. մազերը սանրում եւ հավաքում ես, ինչպես վարպետը… Պարզվում է՝ մեծ դեր է խաղում սանրը. շատ բան կախված է հենց դրանից, որպեսզի կարողանաք նորաձեւ գլուխգործոց կամ էլ անհրապույր, ձանձրալի ինչ-որ բան ստանալ: Եկեք սովորենք, թե ինչպես մազերի համար ճիշտ սանր ընտրել:

Կարճ մազեր

Նոսր ատամներով փայտե սանրերը հիանալիորեն հարմար են կարճ մազերի համար: Կարճ մազերի սանրվածքները խիստ են, իսկ փայտե սանրերով հարմար է մազերը բաժանել եւ ոճ հաղորդող միջոցներ քսել:

Սանրվածք

Եթե ցանկանում եք նորաձեւ սանրվածք ստանալ, ապա խիտ ատամներով պլաստիկե սանրն այդ նպատակ իրագործելու լավագույն միջոցն է: Մազերի փայլի միջոցները կարելի է քսել հենց սանրին: Այլ տարբերակներ են ածխածնային կամ երկաթե սանրերը: Սակայն երկաթե սանրը չարաշահել պետք չէ. դրանք շատ են փչացնում վարսերը:

Պոչ կամ փունջ

Խնամքով պոչ կամ նրբագեղ փունջ ստանալու համար հարկավոր է գործածել խիտ ատամներով սանր:

Ուղիղ երկար վարսեր

Երկար ուղիղ վարսերը շատ կանանց երազանքն են: Նման գանձը խնամելու համար ժամանակ, ցանկություն, մազերի դիմակներ եւ հատուկ սանրվածք է հարկավոր: Բնական մազից մերսող խոզանակը կօգնի երկար մազերն ազատել ստատիկ էլեկտրականությունից: Խիտ մազերի համար ավելի հարմար է խառը մազերից խոզանակը:

Երկար մազերին ծավալ հաղորդելու համար անհրաժեշտ է օգտագործել բրաշինգ (հատուկ անցքերով գլանաձեւ սանր)՝ հնարավոր առավելագույն տրամագծով: Այն բավականաչափ բարձրացնում է մազարմատները: Իսկ վարսերն ուղղելու համար հարկավոր է ընտրել բնական մազերով բրաշինգ:

Ալիքավոր վարսեր

Կոկետ խոպոպների եւ ալիքաձեւ փնջերի լավագույն ընկերը նոսր, լայն, լավ հղկված, ծայրերը կլորացված ատամներով սանրն է: Այն կօգնի պահպանել նորաձեւ սանրվածքի ձեւը, քանի որ խոչընդոտում է փնջերի մասնատմանը եւ պահպանում ավելորդ փարթամացումից:

Իսկ խոպոպներ կարելի է ստանալ փոքր տրամագծով, կարճ մազերով բրաշինգի օգնությամբ:

Եվ վերջին խորհուրդը: Սանրերի ընտրանին այսօր մեծ է, դրանք թանկ չեն, ուրեմն արժե՞ սահմանափակվել միայն մեկ սանր գնելով: Որքան շատ լինեն դրանք ձեր զինանոցում, այնքան լավ: Ստեղծեք սանրերի ձեր հավաքածուն. այդ դեպքում ցանկացած սանրվածք հաջողված կլինի:



© NEWS.am STYLE