«Արծվիկը չի այցելել Ղրիմ». երգչուհու քույրը հերքում է

18:40   21 մարտի, 2017

«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկի քույրը հերքել է ռուսական մամուլում տարածված լուրերը, թե Արծվիկը եղել է Ղրիմում։

Life-ը զրուցել է Արծվիկ Հարությունյանի քրոջ՝ Շողերի հետ, որն ասել է. 

«Արծվիկը չի այցելել Ղրիմ։ Ես նրա հարազատ քույրն եմ եւ 100 տոկոսով վստահ կարող եմ ասել, որ նա չի մեկնել Ղրիմ»։

Շողիկ Հարությունյանը հավելել է, որ իրենք Ղրիմում բարեկամներ կամ ընկերներ չունեն, իսկ Արծվիկն այժմ զբաղված է մրցույթի նախապատրաստական աշխատանքներով։

Հիշեցնենք, որ այսօր լուրեր են տարածվել, թե Հայաստանի ներկայացուցչին հնարավոր է՝ թույլ չտան մասնակցել մրցույթին, որն այս տարի անցկացվում է Կիեւում։ Արծվիկ Հարությունյանին կարող են թույլ չտալ մուտք գործել Ուկրաինա՝ Ղրիմ այցելության պատճառով։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունները պետք է ստուգեն՝ արդյոք երգչուհին եղել է Ղրիմում, թե ոչ։

Ինչպես հաղորդել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն, եթե Հարությունյանն իսկապես այցելել է Ղրիմ, ապա նրա մասով առանձին որոշում կկայացվի։

Հավելենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին` Կիեւում: 



© NEWS.am STYLE