Առաջին ալիքը Արծվիկի՝ Ուկրաինա մուտք գործելու հնարավոր արգելքի մասին

19:24   21 մարտի, 2017

«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկի՝ Ուկրաինա մուտք գործելու արգելքի մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը որեւէ պաշտոնական գրություն չի ստացել,-NEWS.am STYLE-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից.

«Հայաստանն արդեն մեկ տասնամյակից ավելի է՝ մասնակցում է «Եվրատեսիլին»: Այժմ էլ ընթանում են այս տարվա մրցույթի նախապատրաստական աշխատանքները: Ինչ վերաբերում է վերոնշյալ հարցին, ապա Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն այս թեմայի վերաբերյալ որեւէ պաշտոնական գրություն չի ստացել»: 

Հիշեցնենք, որ այսօր ռուսական մամուլում լուրեր են տարածվել, թե Հայաստանի ներկայացուցչին հնարավոր է՝ թույլ չտան մասնակցել մրցույթին, որն այս տարի անցկացվում է Կիեւում։ Արծվիկ Հարությունյանին կարող են թույլ չտալ մուտք գործել Ուկրաինա՝ Ղրիմ այցելության պատճառով։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունները պետք է ստուգեն՝ արդյոք երգչուհին եղել է Ղրիմում, թե ոչ։

Ավելի ուշ Life-ի հետ զրույցում Արծվիկ Հարությունյանի քույրը՝ Շողերը, հերքել է լուրերը, թե Արծվիկը եղել է Ղրիմում.  «Արծվիկը չի այցելել Ղրիմ։ Ես նրա հարազատ քույրն եմ եւ 100 տոկոսով վստահ կարող եմ ասել, որ նա չի մեկնել Ղրիմ»։

Հավելենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին` Կիեւում: 



© NEWS.am STYLE