«Անհամադրելին դառնում է համադրելի». ոճաբան Արմինե Մարտիրոսյանը` գարնանային թրենդների մասին

14:15   22 մարտի, 2017

«Այս գարնանը կրկին արդիական է 80-ականների նորաձեւությունը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով սեզոնի հիմնական թրենդներին, նշեց դիզայներ, ոճաբան Արմինե Մարտիրոսյանը:

«Աղջիկներին խորհուրդ կտամ անցած սեզոնների թրենդները համադրել 80-ականներին արդիական լայն ուսերով պիջակների եւ կոմբինիզոնների հետ»,-ասում է նա` հավելելով.

«Պահարանում ավելացրեք ծաղկավոր զգեստները եւ այս գարնան ուլտրամոդայիկ գույնը` ֆուկսիան, որն, ի դեպ, գերակշռելու է նաեւ իմ գարնանային հավաքածուի մեջ»:

Արմինեի խոսքով` այս սեզոնին պետք է համարձակ կերպով համադրել բոլոր գույները.

«Օրինակ` նորաձեւ վարդագույնը կարելի է համադրել կարմիրի, իսկ բաց երկնագույնը` նարնջագույնի հետ»:

Դիզայներից հետաքրքրվեցինք նաեւ, թե հագուստի հատկապես որ դետալները կարող են փոխանցել գարնանային տրամադրություն.

«Նորաձեւությունից երբեք դուրս չեկող՝ գույնզգույն ծաղիկների նախշով ցանկացած հագուստ գարնանային տրամադրություն կստեղծի: Եթե կար ժամանակ, երբ հնարավոր էր սխալ համադրել որոշ դետալներ, ապա այս տարի դժվար կլինի սխալներ գտնել աղջիկների հագուկապի մեջ: Այս սեզոնին անհամադրելին դառնում է համադրելի`թե՛ հագուստի ձեւվածքի, թե՛ ոճի եւ թե՛ գույների հարցում»,-ասում է դիզայները:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE