Հյու Գրանտը, Կիրա Նայթլին, Լիամ Նիսոնը, Ռոուեն Աթքինսոնը եւ այլ աստղեր՝ «Իրական սեր 2» ֆիլմի թրեյլերում

13:31   23 մարտի, 2017

Youtube-ում` Red Nose Day USA-ի ալիքում, հրապարակվել է «Իրական սեր» ֆիլմի շարունակության նոր թրեյլերը: Հիշո՞ւմ եք 2003 թվականի հուզիչ կոմեդիան: 14 տարի անց ֆիլմը վերադառնում է: Թրեյլերում կարող եք տեսնել Կիրա Նայթլիին, Հյու Գրանտին, Էնդրյու Լինքոլնին, Մարտին ՄաքՔաչոնին, Բիլ Նայիին եւ Լիամ Նիսոնին:

Դերասանների ձեռքերին ցուցանակներ են, որոնց օգնությամբ ֆիլմի առաջին մասում Էնդրյու Լինքոլնի հերոսը սեր խոստովանեց Կիրա Նայթլիի հերոսուհուն։ Դրանց վրա առկա գրությունները «բացատրում» են նոր ֆիլմի սյուժեն. հանդիսատեսին խոստանում են պատմել հերոսների ճակատագրի մասին եւ ցույց տալ, թե դերասաններից ով է ավելի լավ պահպանվել (Լիամ Նիսոնը կարծում է, որ ինքը):

Պրեմիերան նախանշված է մայիսի 25-ին եւ նվիրված կլինի Կարմիր քթի օրվա բարեգործական ակցիային, որի շրջանակում միջոցներ են հավաքագրում Comic Relief կազմակերպության համար:



© NEWS.am STYLE