Հայհոյանք, կռիվ եւ մերկ աղջիկներ. համացանցում հայտնվել է «Մալիբուի փրկարարների» նոր թրեյլերը

15:55   23 մարտի, 2017

Paramount Pictures-ի Youtube-ի ալիքում հայտնվել է «Մալիբուի փրկարարների» նոր թրեյլերը՝ Դուեյն Ջոնսոնի, Զակ Էֆրոնի, Պրիյանկա Չոպրայի, Քելի Ռորբախի եւ այլ դերասանների մասնակցությամբ: Ֆիլմը վարձույթում կհայտնվի 2017 թվականի մայիսի 26-ին:

Ըստ սցենարի՝ փրկարարները դիմակայում են նավթային ընկերության ֆինանսական շահերին. վերջինը պատրաստվում է քանդել լողափն ու վնաս հասցել ծովափին: Միթչին (Դուեյն Ջոնսոն) եւ նրա ընկերներին դիմակայում է նենգ Վիկտորյա Լիդսը (Պրիյանկա Չոպրան):

Սյուժեի կենտրոնում լողափում գործող փրկարարների էլիտար խումբն է, որն ամեն օր խեղդվողների է փրկում: Խմբի ղեկավարը Միթչն է, ով հպարտանում է իր աշխատանքով եւ թիմով: Ամեն ինչ լավ է գնում, քանի դեռ թիմում չի հայտնվում նորեկը՝ լողի օլիմպիական չեմպիոն եւ խուլիգան Մեթը (Զակ Էֆրոն), որի կերպարը, կարծես, վերցվել է նախկին Օլիմպիական խաղերում սկանդալներով աչքի ընկած Ռայան Լոհետից:

Մեթը փիարի համար է գալիս որպես փրկարար աշխատելու, ինչն ամենեւին դուր չի գալիս Միթչին: Սակայն տղամարդիկ ստիպված են լինում ընդհանուր լեզու գտնել, երբ լողափին սկսում են դիակներ հայտնվել: «Մալիբուի փրկարարները» պայքարի մեջ են մտնում չարագործների հետ եւ սկսում սեփական հետաքննությունը:

Ջրային մոտոցիկլետներով հետապնդումներ, սպանություններ, հրաշալի տեսարաններ. այս ամենը հանդիսատեսը կարող է դիտել արդեն մայիսին:



© NEWS.am STYLE