Իվանկա Թրամփն անձնական ոճաբան է վարձել

16:04   23 մարտի, 2017

Առավոտն արդեն սկսել ենք Թրամփի ընտանեկան գործերը քննարկելով՝ ներկայացնելով US Weekly-ի հոդվածն այն մասին, որ ԱՄՆ-ի 45-րդ նախագահն ու առաջին տիկինն առանձին ննջարաններում են քնում: 

Հիմա էլ The Hollywood Reporter-ը հաղորդում է, որ Դոնալդ Թրամփի 35-ամյա դուստր Իվանկան անձնական ոճաբան է վարձել: Այդ պատվին արժանացել է աստղերի համար հագուստի ընտրության հարցում մասնագիտացած Քեյթ Ուիլյամսը՝ Նյու Յորքից:

Ավստրալիայում ծնված Քեյթն աշխատել է Մերիլ Սթրիփի, Ջարեդ Լետոյի, Վայնոնա Ռայդերի, Օլիվիայի Մանի եւ Լյուպիտա Նիոնգոյի հետ:

Քեյթը կարիերան սկսել է որպես ավստրալական պարբերականներում նորաձեւության բաժինների ղեկավարների օգնական, այնուհետեւ Նյու Յորք է փոխադրվել՝ դառնալով աստղային ոճաբան Միքայելլա Էրլանգերի օգնականը, որը նույնպես հայտնի է Հոլիվուդի բազմաթիվ աստղերի հետ համագործակցությամբ:

Իվանկայի հետ համագործակցությունը Քեյթ Ուիլյամսի համար առաջին լուրջ եւ պատասխանատու աշխատանքը կլինի։



© NEWS.am STYLE