Արամ Ավետիսյանը` «Քարե դարդ»-ում այլեւս չնկարահանվելու եւ իր հեղինակած սիթքոմի մասին

12:15   24 մարտի, 2017

Դերասան Արամ Ավետիսյանը նախկինում նկարահանվել է փոքրիկ էպիզոդներում, սակայն նրան ճանաչում բերեց «Քարե դարդ» սիթքոմում Յագոյի դերը: Մինչ հեռուստադիտողը հասցրել էր կապվել Յագոյի հետ, պարզվում է` այդ հերոսին այլեւս չենք տեսնելու սիթքոմի նոր եթերաշրջանում: Փոխարենը, դերասանն ունի նոր զբաղմունք:

Ինչպե՞ս սկսվեց դերասանական ուղին եւ ի՞նչ նորություններ սպասենք երիտասարդ դերասանից, պարզել է NEWS.am STYLE-ը։

-Արամ, երբվանի՞ց որոշեցիր, որ պետք է զբաղվես դերասանական արվեստով:

-Երբ դպրոցում սովորում էի վերջին դասարանում, պետք է որոշեի, թե ինչ մասնագիտություն եմ ուզում ունենալ: Շատ ակտիվ էի կազմակերպչական հարցերում, օգնում էի ուսուցիչներին, անգամ մեծ տարիքում մասնակցում էի դպրոցական հանդեսներին: Այդ ժամանակ պարի էի հաճախում, 6 տարի պարում էի ժողովրդական պարեր, ուզում էի պարող դառնալ, բայց քայլերս ինձ տարան Թատերական ինստիտուտ։

-Ե՞րբ ես առաջին անգամ մասնակցել լսումների ու ի՞նչ հաջողություններ ես գրանցել:

-Առաջին անգամ մասնակցել եմ «Սիրո գերին» հեռուստասերիալի քասթինգին, այդ ժամանակ 2-րդ կուրսի ուսանող էի: Լսումներին եւս 3 տղա էր մասնակցում, սակայն ինձ ընտրեցին այդ դերի համար ու ես խաղացի հեռուստասերիալում:

-Սակայն ճանաչում ձեռք բերեցիր «Քարե դարդ»-ի շնորհիվ: Ինչպե՞ս ստացար Յագոյի դերը:

-Ճիշտն ասած` երբեք չեմ մտածել, որ առաջին ու մեծ քայլերս սկսելու եմ նման բարձր վարկանիշ ունեցող սիթքոմում: Ռեժիսորը կանչեց ինձ քասթինգի, ես էլ գնացի, ու էլի մի քանի տղաներից ընտրեցին ինձ, ինչի համար շատ ուրախ եմ ու շնորհակալ:

-Նոր եթերաշրջանում, սակայն, քո կերպարն այլեւս չկա. հե՞շտ «բաժանվեցիր» նրանից:

-Այո, այս եթերաշրջանում Յագոն չի լինելու, Յագոյին կտեսնենք միայն առաջին սերիայում: Դժվարի ու հեշտի խնդիր չկա, եթե Յագոյի կերպարը չկա, ուրեմն՝ այդպես է պետք, իսկ թե ինչու չկա, չեմ կարող ասել:

-Առաջիկայում այլ նախագծերում նկարահանվելու առաջարկներ կա՞ն:

-Երբ նկարահանվում էի  «Քարդե դարդ» սիթքոմում, առաջարկ եղավ, որպեսզի նկարահանվեմ այլ սերիալում, մասնակցեցի քասթինգին ու անցա, բայց չնկարահանվեցի, որովհետեւ համատեղել չստացվեց։

-Եթե չեմ սխալվում` ինքդ էլ աշխատում ես սիթքոմի սցենարի վրա: Ինչի՞ մասին է այն:

-Սիթքոմի վրա աշխատում եմ. այն երաժշտական, ժամանցային ու հումորային նախագիծ է`  «Ապագա մասնագետները», այսպես է կոչվում սիթքոմը: Սցենարը ես եմ գրում: Երբ հայտնվեցի հեռուստատեսությունում, տեսա, թե ինչպես են աշխատում, իսկ ես վաղուց ունեի այդ գաղափարը, որոշեցի ես էլ գրեմ:

-Ինչ-որ քայլեր ձեռնարկո՞ւմ ես, որ այն հայտնվի հեռուստաեթերում:

-Գրում եմ ու նաեւ երբեմն խորհրդակցում ու քննարկում եմ սցենարիստների հետ, ասում են` լավ է ստացվում, ուղղակի գույներ են պետք լցնելու համար: Դա շատ կարեւորում եմ, որովհետեւ ես սցենարիստ չեմ։ Երբ հաստատվի, իսկ ես քայլեր անում եմ դրա համար, անպայման ինձ հետ կաշխատի սցենարիստ: Հիմա մի քանի հեռուստաընկերությունների եմ դիմում, սպասողական վիճակում եմ, բայց ներքին հանգստություն կա ինձ մոտ: Հուսով եմ` Աստծո կամոք լավ կլինի:

-Բացի դերասանությունից` է՞լ ինչով ես զբաղվում:

-Մասնագիտությամբ դերասան եմ, ավարտել եմ Թատերական ինստիտուտը` դերասանական բաժինը: Այս պահին զբաղվածություն չունեմ, հուսամ առաջարկներ կլինեն հետագայում:

Հիմա չէ, բայց հետագայում կուզենամ զբաղվել նաեւ հաղորդավարությամբ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE