Թոմ Քրուզ. «Ես չեմ կարող բացահայտ հետեւել իմ ընտրած հավատքին»

18:31   24 մարտի, 2017

Երեկ մենք գրեցինք Թոմ Քրուզի նոր սիրելիի՝ բրիտանացի 28-ամյա դերասանուհի Վանեսա Քիրբիի մասին: 54-ամյա դերասանը Վանեսայի հետ նկարահանվում է «Առաքելությունն անիրագործելի է 6» ֆիլմում, որը մեծ էկրան կբարձրանա 2018 թվականին:

Մինչ այդ, ռուսական Spletnik-ն ուշադրություն է դարձրել Սթիվեն Գելոուեյի Leading Lady նոր գրքին, որը նվիրված է Paramount-ի կինոբաժնի ղեկավար Շերի Լենսինգին:

Հեղինակը տեղ է հատկացրել նաեւ 54-ամյա դերասանին, իսկ ավելի ճիշտ՝ 2003 թվականին տեղի ունեցած միջադեպին: Գրքում խոսվում է այն ժամանակների մասին, երբ Քրուզի սաենթոլոգիական համոզմունքները խանգարեցին նրա կարիերային, եւ որոնց պատճառով դերասանը բաժանվեց Նիկոլ Քիդմանից, իսկ ավելի ուշ՝ նաեւ Քեթի Հոլմսից:

Այդ շրջանում Լանսինգը հիմնականում համագործակցել է Թոմի եւ պրոդյուսեր Ջոն Գոլդվինի հետ: Ջոնը կնոջ՝ Քոլին Քեմփի հետ ամուսնալուծության փուլում է եղել, իսկ Թոմ Քրուզը որոշել է, որ Գոլդվինն արշավ է սկսում իր ուսմունքի դեմ: Դերասանը միջամտել է նրանց ապահարզանին՝ իր դեմ տրամադրելով մեծ թվով մարդկանց, այդ թվում՝ Գոլդվինին:
Անցյալ չորեքշաբթի Ջոն Գոլդվինն առաջին անգամ մեկնաբանել է այդ տհաճ դեպքը՝ նշելով, որ եթե չլիներ Շերրի Լենսինգը, հայտնի չէ, թե ինչով կավարտվեր կոնֆլիկտը:

«Շերրին զարմանալի ղեկավար էր, որը կարողանում էր հաշտեցնել կինոստուդիայի բոլոր աշխատողներին: Նա փրկեց իրավիճակը՝ Թոմի հետ զրուցելով սաենթոլոգիայի դեմ որեւէ շարժման վերաբերյալ իմ մտադրությունների բացակայության մասին:

Ավելին, զրույցից հետո Թոմը սկսեց օգնել ապահարզանի փաստաթղթերի հարցում եւ կարգավորեց որոշակի վիճելի հարցեր: Թոմը տխրել էր եւ իսկապես մտածում էր, որ ես իրեն ատում եմ կամ հետապնդում` իր կրոնի պատճառով: Հիշում եմ՝ ինչպես ինձ ասաց. «Հենց քո նմանների պատճառով ես չեմ կարողանում ազատորեն խոսել իմ նախասիրությունների մասին եւ բացահայտ հետեւել իմ ընտրած կրոնին»,- պատմել է Գոլդվինը:



© NEWS.am STYLE