«Ես պարզապես ուզում եմ մի փոքր սեր փոխանցել աշխարհին». Էլթոն Ջոնը դարձավ 70 տարեկան

12:05   25 մարտի, 2017

Բրիտանացի երգիչ, երաժիշտ եւ դաշնակահար Էլթոն Ջոնն այսօր նշում է ծննդյան 70-ամյակը։

Ավելի քան 50 տարվա բեմական գործունեության ընթացքում Էլթոն Ջոնը վաճառել է 300 միլիոն ձայնագրություն` դառնալով աշխարհի ամենալավ վաճառք գրանցած աստղերից մեկը: Բայց մենք` հայերս, միայն տաղանդի համար չէ, որ համակրում ենք այս մեծ երաժիշտին:

Այս տարի Էլթոն Ջոնը «Օսկար»-ին հաջորդող իր բարեգործական ճաշկերույթի ժամանակ ամբողջ Հոլիվուդի ուշադրությունը հրավիրեց Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի վրա: Երգիչը նշել էր. «Մենք ցանկանում ենք, որ ամբողջ աշխարհն իմանա այն մասին, թե ինչ է կատարվել հայերի հետ»:

Լեգենդար երաժիշտի մեջբերումներից եւս մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ.

«Երեխաների հետ կապված այն ամենը, ինչը ժամանակին ինձ նյարդայնացնում էր՝ լացը, ճիչը, այժմ ինձ միայն հանգստացնում է»։

«Երաժշտությունը բուժիչ ուժ ունի։ Այն գոնե մի քանի րոպեով կարողանում է մարդուն հանել որոշակի հոգեվիճակից»։

«Ես, իհարկե, ոչ բոլորին եմ դուր գալիս, բայց երբեմն քննադատությունը շատ վիրավորական է լինում։ Հարգեք ինձ. ես լավ երաժիշտ եմ, լավ երգիչ…Եթե ձեզ դուր չեմ գալիս, դա ձեր գործն է, բայց ինձ հետ գործ չունեք»։

 «Աստված ցանկանում է, որ մենք լինենք սիրող եւ հոգատար։ Չեմ հասկանում, թե որտեղից է դաժանությունը ծնվում մարդկանց ներսում»։

«Երեւի ես հին մարդ եմ. երգերս ստեղծում եմ միայն դաշնամուրի օգնությամբ»։

«Չէի ցանկանա խոստովանել, բայց, անկեղծ ասած, երգ լսելիս առաջնահերթ լսում եմ երաժշտությունն ու գործիքավորումը, հետո եմ ուշադրություն դարձնում բառերին»։

«Մենք մի դարաշրջանում ենք ապրում, որտեղ աշխարհը լի է բացասական լիցքերով եւ բռնությամբ։ Ես պարզապես ուզում եմ մի փոքր սեր փոխանցել աշխարհին»։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE