Երեւանյան կինոազդ. «Սփլիթը». Գազանին սպասելիս

15:09   26 մարտի, 2017

Բժշկության մեջ կա «նույնականացման դիսոցատիվ խանգարում» հասկացությունը: Պարզ ասած՝ սա հոգեկան հիվանդություն է, որի դեպքում մարդը կարծում է, որ իր մարմնում իրենից բացի մեկ ուրիշն էլ ապրում: Լինում է անհատի երկվություն: Բայց պատահում է, որ նման անկոչ «բնակիչների» թիվը քեզ մոտ 23 է, ինչպես «Սփլիթ» հոգեբանական թրիլերի հերոսի՝ Քեվինի դեպքում: Դուք չե՞ք հավատում, որ նման բան կարող է լինել: Այդ դեպքում կարող եք դիտել ֆիլմը:

«Սփլիթը» համաշխարհային կինովարձույթում է հայտնվել 2017 թվականի հունվարի 20-ին եւ արդեն աչքի ընկել հանդիսատեսի եւ կինոքննադատների դրական արձագանքներով:

Ֆիլմի ռեժիսորը հնդկական ծագումով ամերիկացի Մ.Նայթ Շյամալան է: Առաջին կադրերում միջին տարիքի տղամարդը փողոցից առեւանգում է երեք երիտասարդ աղջիկների՝ Քեյսիին, Քլերին եւ Մայշային: Երբ նրանք ուշքի են գալիս, հայտնաբերում են, որ հայտնվել են ինչ-որ մռայլ ու մութ վայրում: Նրանց առաջին միտքը լինում է փախչելը, բայց աղջիկներից մեկն առաջարկում է  փորձել պարզել իրենց առեւանգման պատճառն ու մտադրությունը: Ու հանկարծ  հայտնվում է նա՝ ինը տարեկան երեխայի կերպարով, սկսում է չարաճճիություններ անել: Աղջիկները փորձում են համոզել իրենց օգնել, բայց նա ասում է, որ սպասում է ԳԱԶԱՆԻՆ, որը պետք է գա, ու այդ ժամանակ աղջիկների համար այնքան էլ հեշտ չի լինի: Աղջիկներից մեկը փորձում է փախչել օդափոխության համակարգի միջոցով, բայց տղան որսում է նրան ու առանձնացնում ընկերուհիներից: Երբեմն նա բարիանում է եւ արեւելյան միապետի կերպարով աղջիկներին հրավիրում է ընթրիքի: Բայց փախուստի եւս մեկ փորձ, եւ աղջիկները հայտնվում են տարբեր սենյակներում: Շաբաթը մեկ անգամ Քեվինը այցելում է  հոգեբանի, որի վերահսկողության տակ է գտնվում:

Միայն նա գիտի իր հիվանդի բոլոր 23 դեմքերի մասին, բայց երբեմն անգամ նա չի հասկանում, թե այդ անգամ նրանցից որ մեկն է իրեն այցելել: Նրանք բոլորը տարբեր են եւ բոլորը սպասում են 24-րդին՝ Մեծն ԳԱԶԱՆԻՆ, որի համար էլ նախապատրաստվել է զոհ՝ երեք աղջիկների տեսքով:

Գլխավոր հերոսի կերպափոխություններմ առանց լրացուցիչ աքսեսուրաների են՝ գրիմ, կեղծամ եւ այլն: Պարզապես միմիկայի եւ վարքագծի փոփոխություն է տեղի ունեննում:

Շոտլանդացի տաղանդավոր դերասան Ջեյմս ՄակԷվոյուն հրաշալի հնարավորություն է ունեցել դրսեւորել իրեն նենգ այլասերվածի տարբեր կերպարներում, եւ դա հրաշալի է արել:

Գործողությունները փաստացի տեղի են ունենում երկու վայրում՝ առեւանգողի նկուղում եւ բժշկի առանձնասենյակում, բայց ֆիլմը մեծ հետաքրքրությամբ է դիտվում:

Մ. Նայթ Շայամալան  իր կարիերան սկսել է 1999 թվականին՝ ԱՄՆ-ում, «Վեցերորդ զգայարան» ֆիլմով, որն անգամ «Օսկարի» է առաջադրվել: Նրա կուռքերն են Ալֆրեդ Հիչքոքը, Դեյվիդ Լինչը, հանելուկային ֆիլմների մյուս վարպետները:

Սկզբնական շրջանում տաղանդավոր ռեժիսորին շատ է օգնել Բրյուս Ուիլիսը, որին Շայամալան նկարահանել է իր ֆիլմերում, այդ թվում՝ «Սփլիթի» որոշ դրվագներում: «Սփլիթ»-ը նրա 15-րդ ֆիլմն է: Թեեւ երկու ժամը բավական չէ հերոսի 23 կերպարներին հետեւելու համար, բայց դա հույս է ներշնչում, որ կարող է հայտվել նաեւ «Սփլիթ-2»-ը, ինչպես սովորաբար լինում է ամերիկյան կինոյում:

 

Պավել Ջհանգիրով



© NEWS.am STYLE