«Երաժշտությունը կարեւոր դեղամիջոց է». անվանի ջութակահար Պինկաս Ցուկերմանը ելույթ կունենա Երեւանում

14:23   25 մարտի, 2017

«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 18-րդ շրջանի բացումը տեղի կունենա մարտի 26-ին` լեգենդար ջութակահար, «Գրեմմի»-ի կրկնակի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանի ելույթով:

«Շատ ուրախ եմ կրկին Հայաստանում լինելու համար: Եթե ինձ այստեղ դուր չգար, միանշանակ, չէի վերադառնա»,-այսօր` մարտի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց հայտնի ջութակահարը, որը համերգի ընթացքում ելույթ կունենա անվանի թավջութակահարուհի Ամանդա Ֆորսայտի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

«Երաժշտությունը կարեւոր դեղամիջոց է. այն կարող է բուժել ամեն ինչ` ցավից սկսած, մինչեւ ցանկացած հիվանդություն: Կարեւոր է հիշել, որ երաժիշտերը պետք է հեռու մնան քաղաքականությունից, իսկ քաղաքական գործիչները` երաժշտությունից»,-համոզված է ջութակահարը, որը հիշեց նաեւ իր անվանի ուսուցչին` Իվան Գալամյանին. «Ես նրանից շատ բան եմ սովորել: Հուսով եմ` իմ աշակերոտներն էլ կկարողանան անցնել իմ ճանապարհը»:

«Հեռանկարներ» փառատոնի հիմնադիր նախագահ ու գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանն իր ուրախությունը հայտնեց Ցուկերմանի` Հայաստանում համերգ ունենալու կապակցությամբ. «Մեր երկրի պատմության մեջ այս փառատոնն ամենահինն է` արդեն 18 տարեկան: Հպարտ ենք, որ այսպիսի ավեստագետների ենք հրավիրում փառատոնի շրջանակներում: Սա ոչ թե մեր ֆինանսական հնարավորություններից է գալիս, այլ ամբողջ աշխարհում փառատոնի ստեղծած իմիջից»,- համոզված է նա:

Երեւանյան իր նախորդ համերգի ժամանակ Ցուկերմանը ելույթ է ունեցել«Ցուկերման Չեմբըր Փլեյրս» կամերային նվագախմբի եւ «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբի հետ: Երաժիշտի այս տարվա համերգը կկայանա վաղը` մարտի 26-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE