Սպիտակուցային նախաճաշն օգնում է վերահսկել ախորժակը

18:46   28 մարտի, 2013

Ամերիկյան Միսուրիի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ պրոտեինով հարուստ նախաճաշն օգնում է պահպանել քաշը եւ ազատում է պարբերաբար ուտելու գայթակղությունից:

Daily Mail-ի փոխանցմամբ, գիտափորձին մասնակցել են խմբերի բաժանված 20 գեր կանայք: Առաջին խումբն ընդհանրապես չի նախաճաշել, երկրորդն օգտագործել է սպիտակուցային մթերքներ (ձու եւ միս), իսկ երրորդ խմբի անդամները սովորական նախաճաշ են կերել, ինչպես, ասենք, արագ պատրաստվող շիլաներ: Ընդհանուր առմամբ, նախաճաշը 350 կալորիա է պարունակել:

Փորձի արդյունքում գիտնականները պարզել են, որ նախաճաշին օգտագործվող սպիտակուցային մթերքները երկարատեւ հագեցվածության զգացողություն են առաջացնում եւ անջատում են ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է պարբերաբար եւ անառողջ ուտելիք ընդունելու համար: Որպես նախաճաշի կատարյալ բաղադրիչներ մասնագետները խորհուրդ են տալիս ձուն, միսը, յոգուրտը:



© NEWS.am STYLE