«Շատ եմ ուզում հաղթել». բացառիկ հարցազրույց՝ Իսպանիայի «Ձայնը» նախագծի մասնակից Հայկ Արսենյանի հետ

14:05   27 մարտի, 2017

Անցած շաբաթ իսպանական «Ձայնը» նախագծի շրջանակներում իր ելույթով Դեւիդ Բիսբալին հիացրեց 12-ամյա Հայկ Արսենյանը, որը ներկայացավ Talking to the Moon հայտնի հիթով: NEWS.am STYLE-ն, իհարկե, չէր կարող անտարբեր գտնվել Բարսելոնայում բնակվող տաղանդավոր հայ տղայի նկատմամբ:

Մենք զրուցել ենք Հայկի հետ` Իսպանիայում բնակվելու, «Ձայնը» նախագծին մասնակցելու եւ Դեւիդ Բիսբալի թիմում հայտնվելու մասին:

«Նախորդ տարվա ծրագիրը նայել եւ հավանել էի, այդպիսով` ես էլ որոշեցի մասնակցել այս նախագծին: Վերջին օրն ենք գրանցվել քասթինգին… Երբ գնացինք նշված վայրը, ցուցակներն արդեն տպված էին, իսկ իմ անունը վերջում ավելացված էր գրչով: Քանի որ ուշ էինք դիմել, չէին հասցրել տպել անունս»,-պատմում է փոքրիկ երգիչը, որը երգել սկսել է 3-4 տարեկանից:

Հայկը շատ ուրախ է, որ հենց Դեւիդ Բիսբալի թիմում է հայտնվել.

«Շատ եմ սիրում Դեւիդ Բիսբալին: Նա յուրահատուկ ձայն ունի եւ շատ էմոցիոնալ է երգում»,-ասում է նա` հավելելով.

«Շատ եմ ուզում հաղթել: Շատ եմ սիրում երգել, երաժշտությունն ինձ համար կյանք է: Միշտ երգում եմ. ծնողներս ասում են, որ անգամ քնած ժամանակ եմ երգում»,-կատակում է պատանին:

Հայկը դեռեւս չի հասցրել շփվել բոլոր մրցակիցների հետ, բայց նկատել է, որ բոլորն էլ տաղանդավոր եւ ուժեղ երեխաներ են:

Իսպանիայում ծնված երգիչը հաճախ է լինում Հայաստանում.

«Քանի որ սովորում եմ դպրոցում եւ կոնսերվատորիայում, ամառը միակ ժամանակն է, երբ կարողանում եմ գալ Հայաստան: Վերջին անգամ այդտեղ եղել եմ անցած տարի` ամռանը: Հանգստանալուց բացի` Երեւանի ջազի պետական քոլեջի վոկալիստ Լիլիթ Պապոյանի հետ զբաղվել եմ վոկալի պարապմունքներով»,-ասում է Հայկը:

NEWS.am STYLE-ը հաջողություն եւ հաղթանակ է մաղթում հայ փոքրիկին` «Ձայնը» նախագծի հետագա փուլերի ընթացքում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE