«Թատրոնը դերասանին տեսակ է տալիս». Էվա Խաչատրյան

15:15   27 մարտի, 2017

Այսօր` մարտի 27-ին, աշխարհում նշում են թատրոնի միջազգային օրը: Տարիներ շարունակ արվեստի այս տեսակն ամենավեհն ու կարեւորներից է համարվել, սակայն վերջին շրջանում թատրոնը, ցավոք սրտի, սկսել է զիջել իր դիրքերը կինոյին եւ ժամանցի այլ միջոցներին: Այնունամենայնիվ, երիտասարդ սերնդի մեջ էլ կան դերասաններ, որոնք որոշել են բռնել թատրոնի ուղին եւ մեծագույն հիացմունքով են արտահայտվում արվեստի այս ճյուղի մասին:

«Թատրոնը միշտ կոփում է դերասանին, այն դերասանի տունն է, որտեղ նա մինչեւ վերջ հղկվում է, փոփոխվում, կայանում եւ հստակ է դառնում: Թատրոնը դերասանին տեսակ է տալիս»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Երեւանի պետական կամերային թատրոնի երիտասարդ դերասանուհի Էվա Խաչատրյանը, որը հեռոստադիտողին հայտնի է նաեւ սերիալներից եւ «Ֆուլ Հաուս» սիթքոմից:

Էվայի խոսքով` թատրոնն ու կինոն միմյանցից շատ տարբեր դաշտեր են.

«Երկու ոլորտներն էլ շատ կարեւոր են: Ես երբեք չէի ցանկանա դրանցից միայն մեկն ունենալ»,-ասում է Էվան` համաձայնելով, որ մեր օրերում թատրոնը մի փոքր զիջել է իր դիրքերը, բայց նաեւ հավելում է.

«Մեր թատրոնին դա չի վերաբերում: Այն ունի իր հանդիսատեսն ու արդեն 36 տարի է` հանդիսատեսի պակաս չի զգում: Առհասարակ, թատրոններին, կարծում եմ, պակասում են թարմությունը, կենդանությունը, իրականը, դերասանական խաղի ժամանակային փոփոխությունները, աչքի համար հաճելի էֆեկտները: Ամբողջ աշխարհում թատրոնը համադրում է  կրկեսային, պարային ու լուսային ներկայացումները, ինչը հետաքրքիր է այսօրվա հանդիսատեսի համար»:

Թատրոնի միջազգային տոնի առթիվ Էվան իր գործընկերներին առաջնահերթ մաղթեց համբերություն. «Մաղթում եմ նաեւ բազմաթիվ եւ բազմաժանր դերեր, բեմեր, երկրներ եւ ստեղծագործելու անսպառ երեւակայություն»:

NEWS.am STYLE-ը եւս շնորհավորում է թատրոնի միջազգային օրը եւ միանում Էվայի բոլոր մաղթանքներին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Սեդա Ստեփանյանի 



© NEWS.am STYLE