Պատգամավորի՝ կին թեկնածուների ոճը

21:02   27 մարտի, 2017

Ապրիլի 2-ին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ Ընտրությունների մասնակցող 9 կուսակցությունների ու դաշինքների կազմում թեեւ քիչ, բայց ներկայացված են նաեւ կանայք։

NEWS.am STYLE-ը չէր կարող անտարբեր լինել մեր երկրի համար կարեւոր իրադարձության եւ դրանում ներգրավված կանանց նկատմամբ, եւ որոշել է ուսումնասիրել նրանց ոճը. ի՞նչ սանրվածք են նախընտրում պատգամավորի կին թեկնածուները, ի՞նչ են հագնում եւ ի՞նչ աքսեսուարներով են լրացնում իրենց կերպարը։ Ներկայացնում ենք ստորեւ.

Արփինե Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Արփինե Հովհաննիսյանն աչքի է ընկնում գործնական ոճով։ Իհարկե, նման հագուստը «պարտադրված է» ի պաշտոնե, սակայն արդարադատության նախարարն այն փորձում է «կոտրել» վառ գույներով եւ աքսեսուարներով։ Նրա զգեստապահարանում առկա են ծիածանի գրեթե բոլոր գույները։

Անահիտ Բախշյան

«Ազատ դեմոկրատների» ցուցակի 4-րդ հորիզոնականում գտնվող Անահիտ Բախշյանին միշտ կարելի է տեսնել թե առօրյա-հարմարավետ, թե էլեգանտ-գործնական հագուկապով։ Տիկին Բախշյանը սիրում է իր կերպարները լրացնել աքսեսուարներով՝ արեւային ակնոց, շարֆ, զարդեր եւ այլն։

Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանն առաջադրված է «Ծառուկյան» դաշինիք կողմից։ Այս կնոջ առանձնահատկությունը սեւ, երկար վարսերն են, սանրվածքը տարիներ շարունակ մնում է անփոփոխ՝ լրացուցիչ խստություն հաղորդելով նրան։ Զոհրաբյանից անպակաս է նաեւ սեւ շրջանակով ակնոցը, որը նրա իմիջի մի մասն է։

Հեղինե Բիշարյան

«Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածուին եւս տարիներ շարունակ տեսնում ենք նույն սանրվածքով եւ հագուկապով։ Ժամանակ առ ժամանակ փոխվում է միայն մազերի երանգը։ 

Մանե Թանդիլյան

«Ելք» դաշինքի թեկնածու Մանե Թանդիլյանը եւս նորեկ է քաղաքականության մեջ։ Վառ ոճային կերպարներ չունի, ավելի շատ՝ քեժուալ ոճի, թերեւս նաեւ այն պատճառով, որ նրա հասարակական գործունեությունը հիմնականում կապված է եղել քաղաքացիական նախաձեռնությունների հետ։ 

Էլինար Վարդանյան

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի կին-թեկնածուն նույնպես նախընտրում է պարզ լուծումներ։ Գրեթե չի շպարվում, աքսեսուարներ չի օգտագործում, չի փոխում սանրվածքի ձեւը. համոզված շիկահեր է։  

Զոյա Թադեւոսյան

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կին թեկնածուն գույների սիրահար է։ Հագուստը լրացնում է վառ աքսեսուարներով։ Ժամանակ առ ժամանակ փոխում է նաեւ վարսերի երանգն ու սանրվածքը։

Մարիամ Շահինյան

Մարիամ Շահինյանն առաջադրված է Հայաստանի Կոմունիստական կուսակցության ցուցակով։ Հագուստի մեջ նախընտրում է դասական ոճը։ Աչքի է ընկնում վառ դիմահարդարմամբ եւ վարսահարդարմամբ։

Արմենուհի Կյուրեղյան

ՀՅԴ ցուցակի հնգյակում գտնվող թեկնածուն գործնական, բայց՝ ոչ այնքան խիստ, ոճի սիրահար է։ 

Լուսանկարները՝ թեկնածուների ֆեյսբուքյան էջերի



© NEWS.am STYLE