«Ես ապրում եմ գլամուրի մեջ». Լեդի Գագան նշում է ծննդյան 31-ամյակը

15:35   28 մարտի, 2017

Ամենաէպատաժային, ամենատարբերվող, ամենաքննարկվող ու ամենահամարձակ երգչուհիներից մեկը` Լեդի Գագան, այսօր` մարտի 28-ին, նշում է ծննդյան 31-ամյակը:

Ամերիկացի երգչուհին կարիերան սկսել է ակումբներում երգելով, մնչեւ որ 2007 թ-ին նրան նկատել է պրոդյուսեր Ուինսենթ Հերբերթն ու առաջարկել պայմանագիր կնքել Streamline Records-ի հետ: Շուտով երգչուհու վոկալային տվյալները գրավում են նաեւ ռեփեր Էյքոնին, որի հետ համագործակցության շնորհիվ` Գագային հաջողվում է թողարկել երաժշտական ալբոմ:

2008 թ-ին ստեղծվում է The Fame ձայնասկավառակը, որը քննադատների կողմից միայն դրական արձագանքների է արժանանում: Ձայնասկավառակի երգերից շատերը դարձան հիթ, որոնցից են` «Just Dance»-ը, «Poker Face»-ը, «LoveGame»-ը եւ «Paparazzi»-ին:

Երգչուհին հայտնի է ոչ միայն իր հիթային կատարումներով, այլեւ արտասովոր կերպարով եւ խելահեղ պարային շարժումներով:

«Ես աշխարհի լավագույն պարողներից չեմ, բայց այն, ինչ անում եմ, միանշանակ, լավ է ստացվում»,-մի առիթով նշել է նա:

Լեդի Գագայի հայտնի մեջբերումներից եւս մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ.

«Ես երազանք ունեի. ես իսկապես ցանկանում էի դառնալ աստղ: Այնքան անվախ էի դարձել իմ նպատակների մեջ, որ նմանվել էի հրեշի»:

«Անկախ նրանից, թե ինչ դիմահարդարում ունեմ` ներսից ես նույն մարդն եմ»:

«Ես գլամուրային աղջիկ եմ, հավատում եմ գլամուրային կյանքին եւ ապրում եմ գլամուրի մեջ»:

«Ես արտիստ եմ: Ես իրավունք ունեմ ներկայացնել ինձ այնպես, ինչպես ցանկանում եմ, որ աշխարհն ինձ ընկալի»:

«Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ` թե՛ բեմում, թե՛ կյանքում: Գիտեմ` երկրպագուներիս դա դուր է գալիս»:

«Ես արվեստի քայլող մի մասնիկ եմ: Իմ երազանքներով ու նպատակներով ես ոգեշնչում եմ միլիոնավոր երկրպագուներիս»:

«Ես հասկացել եմ, որ արվեստի մեջ շատ ճշմարտություն կա, բայց կա նաեւ սուտ: Հենց այդ փոքրիկ սուտն է ստիպում հանդիդսատեսին սիրահարվել քեզ»:

«Իմ քաջության ու համարձակության համար մարդիկ ինձ քարկոծում էին: Շատերն էին մտածում. «Տեսնես իրեն ո՞ւմ տեղն է դրել այս աղջիկը»»:

«Հայրս ինձ համար ամեն ինչ է: Երազում եմ գտել մի տղամարդու, որն այդչափ հոգ կտանի իմ մասին, ինչպես որ հայրիկս»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE