Ռեփեր Դրեյքը հետաձգել է համերգը Հոլանդիայում՝ սննդային թունավորման պատճառով

14:36   29 մարտի, 2017

Ռեփեր Դրեյքն ու Ամստերդամն ակնհայտորեն միմյանց չեն սիրում: Արդեն երրորդ անգամ է ռեփերը հետաձգում իր համերգն այստեղ։ Հայտնի երաժիշտն Ամստերդամում պետք է ելույթ ունենար հունվարի 20-21-ին, հետո համերգը տեղափոխել է հունվարի 26-27-ը, իսկ ավելի ուշ՝ մարտի 28-29-ը: Սակայն միջացառումը նորից հետաձգվել է: Այս անգամ պատճառը…սուշին է: Ոչ մարիխուանան, ոչ սնկերը, որոնք տրամաբանական կարող են համարվել Ամստերդամի դեպքում, այլ սուշին:

Ինչպես գրում է TMZ-ը, ռեփերը համերգից մեկ օր առաջ սուշի է փորձել, որից հետո մի քանի ժամ անցկացրել հյուրանոցի իր համարի զուգարանում, ապա՝ հայտարարել, որ չի կարող ելույթ ունենալ:
«Անգամ բժիշկների են հրավիրել, բայց Դրեյկն իրեն վատ է զգացել, չի կարողացել շարժվել: Բժիշկները նրան արգելել են բեմ դուրս գալ»,- հայտնել է ներքին աղբյուրը:
Երգրչի ֆանատները, ովքեր նրան երկու ժամ սպասել են, Twitter-ում զայրացել են. «Երեւում է՝ Դրեյքը չի ցանկանում կատարել իր պարտականությունները», «Սա արդեն երրորդ հետաձգումն է», - գրել են նրանք:

30-ամյա Դրեյքը, սակայն, խոստացել է վերջապես համերգ տալ այսօր երեկոյան:



© NEWS.am STYLE