«Ես ծնվել եմ աճպարար լինելու համար». Ռոման Խալաֆյանը` «Минута славы» նախագծի եւ Պոզների արձագանքի մասին

11:03   30 մարտի, 2017

Հայ երիտասարդները շարունակում են իրենց տաղանդով գրավել ամենահայտնի նախագծերը: Ռուսական «Փառքի րոպե» («Минута Славы») նախագծի հերթական թողարկման ժամանակ իր աճպարարական հնարքներով ժյուրիին հիացրեց հայազգի Ռոման Խալաֆյանը, որը ոչ միայն անցավ հաջորդ փուլ, այլեւ արժանացավ գովեստի խոսքերի: Նրա ելույթից տպավորված Վլադիմիր Պոզները նշել է, որ ուրախ է հայ մասնակցի հաջողության համար, քանի որ ինքը Հայաստանի մեծ սիրահար է:

NEWS.am STYLE-ը զրուցել է երիասարդ աճպարարի հետ` հնարքներով տարվելու, նախագծին մասնակցելու եւ Պոզների արձագանքի մասին:

-Ռոման, նախ` շնորհավորում ենք «Փառքի րոպե» նախագծում հրաշալ շոուի եւ հաջորդ փուլ անցնելու առթիվ: Եվ, իհարկե, առաջնահերթ կցանկանայինք իմանալ` ի՞նչը Ձեզ ոգեշնչեց զբաղվել աճպարարությամբ:

-Շատ շնորհակալ եմ: Դե, ամեն ինչ սկսվեց մի տեսանյութից, որտեղ աճպարարի ձեռքի ծխախոտը պարբերաբար հայտնվում էր եւ անհետանում: Հայրիկիս ծխախոտով որոշեցի նման հնարք կատարել: Պատկերացրեք` 3 ժամ տանջվելուց հետո դա ինձ հաջողվեց: Հետո օրեցօր նոր հնարքներ էի փորձում` հետեւելով մյուս աճպարարների հմտություններին:

-Նշել էիք, որ կարիերայի սկզբում Ձեզ շատ է օգնել Դմիտրի Մոսինը: Իսկ համաշխարհային ճանաչում ունեցող աճպարարներից ո՞վ է Ձեզ ոգեշնչել: 

-Ինձ մինչ օրս ոգեշնչում է Դեւիդ Կոպերֆիլդը: Նրանից բացի` կառանձնացնեի Էրլիխ եղբայրներին, Լանս Բյորթոնին եւ Ջեֆ Հոբսոնին:

-Ի՞նչ եք կարծում` աճպարար կարող ե՞ն դառնալ, թե՞ այդպիսին պետք է ծնվեն:

-Անկեղծ ասած` չգիտեմ (ժպտում է): Ամեն դեպքում, կարծում եմ` աճպարար դառնում են, չնայած` բացառություններ էլ են լինում: Երբ վերլուծում եմ ինքս ինձ, հասկանում եմ, որ առանց աճպարարության չեմ կարող ապրել: Ես ծնվել եմ աճպարար լինելու համար:

-Կրկին անդրադառնանք «Փառքի րոպե» ծրագրին: Ինչպե՞ս որոշեցիք մասնակցել այդ նախագծին: 

-Լրացրեցի հարցաթերթիկն ու հայտնվեցի նախագծում: Սկզբում ինձ մերժեցին, բայց ես խնդրեցի, որ եւս մեկ ելույթի հնարավորություն տան, ու անցա նախընտրական փուլ: Նախագծից մեծ ակնկալիքաներ ունեմ. տեսնենք` ինչ կստացվի:

-Անձամբ Վլադիմիր Պոզներն էր տպավորված Ձեր ելույթից. նրանից այդպիսի արձագանք սպասո՞ւմ էիք:

-Մտքովս անգամ չէր անցնում, որ նա այդքան շատ կսիրի աճպարարությունը: Անչափ ուրախ եմ նրա արձագանքից:

-Կպատե՞ք Ձեր ընտանիքի մասին: Գիտեմ, որ դեռեւս չեք եղել Հայաստանում. մոտ ապագայում նման ծրագրեր կա՞ն:

-Ծնողներս Բաքվից են: Ստիպված էին լքել Բաքուն եւ տեղափոխվել Երեւան, որից հետո մեկնեցին Խարկով: Ես այնտեղ եմ ծնվել: Այո, իսկապես դեռ չեմ եղել Հայաստանում, բայց շատ եմ ուզում գալ, հատկապես Սեւանն եմ ուզում տեսնել: Հուսով եմ` այս տարի կկարողանամ իրականացնել երազանքս:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE