«Մի՛ եղիր շատ հասանելի». Սելին Դիոնն այսօր նշում է ծննդյան 49-ամյակը

17:03   30 մարտի, 2017

«Տարիքն առնել. չկա նման հասկացողություն: Դու պարզապես հասունանում եւ ավելի շատ գիտելիք ես կուտակում: Ինձ համար դա գեղեցիկ է»,-մի առիթով նշել է կանադացի հայտնի երգչուհի Սելին Դիոնը, որն այսօր նշում է ծննդյան 49-ամյակը:

Սելինի երաժշտական կարիերան սկսվել է շատ վաղ տարիքից: Նրա մենեջմենթով զբաղվում էր Ռենե Անժելիրը, որը հետագայում մենեջերից բացի` դարձավ երգչուհու ամուսինը:

Դիոնը շատ հիթեր ունի, սակայն նրան մեծ ճանաչում բերեց «My Heart Will Go On» երգը, որը հայտնի` «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքն է:

Երգչուհու հիթերը լսում են ամբողջ աշխարհում, սակայն Դիոնը խոստովանում է. «Տանը ես իմ երգերը չեմ լսում: Փորձում եմ մյուսներինը լսել, որպեսզի միշտ տեղեկացված լինեմ շոու-բիզնեսից»:

Սելին Դիոնի արտահայտած մտքերից եւս մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ.

«Չգիտեմ` արդյոք տեսախցիկն ինձ սիրո՞ւմ է, բայց ես նրան շատ եմ սիրում»:

«Ես տնային տնտեսուհի եմ: Դրանից ավելի լավ գործ չկա աշխարհում»:

«Սիրում եմ երգել…երաժշտությունը լցնում է իմ կյանքը»

«Մի՛ եղիր շատ հասանելի…Այնպես արա, որ մարդիկ շարունակեն երազել: Փակիր պատուհանն ու ստիպիր, որ նրանք հետաքրքրվեն քեզանով»:

«Ես երբեք ամենազիլը չեմ եղել, բայց դա ինձ չի մտահոգում»:

«Իմ երեխաների շնորհիվ ես պարտավորվում եմ ճիշտ ապրել»:

«Մարդիկ չեն սիրում, երբ դիմացինը հաջողակ եւ երջանիկ է լինում: Այդ պատճառով էլ սկսում են թերություններ փնտրել նրանց մեջ»:

«Երբ երեխաներով շրջապատված ես լինում, ներսիդ երեխան ակամայից արթնանում է»:

«Կյանքում ամենադժվար բանը հավասարակշռություն գտնելն է: Հատկապես, երբ հաջողության ես հասնում, միշտ փորձում ես նայել դարպասներից այն կողմ»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE