«Եվրատեսիլ-2017». Արծվիկի երգը 1 միլիոնից ավելի դիտում է գրանցել

23:09   30 մարտի, 2017

«Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի Fly with me հայաստանյան երգը եվրատեսիլյան պաշտոնական յութուբյան ալիքում շուրջ 10 օրվա ընթացքում հատել է 1 մլն դիտումների շեմը: 

Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը յուրահատուկ ֆլեշմոբ է մեկնարկել, որի շրջանակում նա կատարում է մասնակից երկրներից որեւէ մեկի ժողովրդական երգը՝ ակնկալելով նրա կողմից հայկական երգերից մեկի կատարումը:
Առաջին մարտահրավերն Արծվիկն ուղղել էր Գերմանիայի մասնակից Լեվինային, ով էլ մեծ ոգեւորությամբ ընդունել էր այն եւ կատարել հայկական «Կաքավիկ» ստեղծագործությունը: Challenge-ի շրջանակում Արծվիկը կատարել էր նաեւ հայտնի կիպրական “Το γιασεμίν&quot” (The Jasmine) երգը, որին ի պատասխան Հովիգը ներկայացրել էր «Երազ իմ երկիր հայրենի»-ն: Երրորդ մարտահրավերի ընթացքում էլ Արծվիկը կատարեց վրացական “Moxevis qalo Tinao” երգը` ի պատասխան լսելով «Լորիկ» ստեղծագործությունը:

Հավելենք, որ «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում:



© NEWS.am STYLE