Շաուրմա եւ պիցցա. Քարդաշյանները Միչիգանում հայ-իտալական խորտկարան են բացել

14:35   31 մարտի, 2017

Առանց խուճապի. խոսքը Քիմ Քարդաշյանի եւ նրա հարազատների մասին չէ, այլ Հրաչ Քարդաշյանի, որը կնոջ՝ իտալուհի Սանդրայի հետ Միչիգան նահանգում հայ-իտալական խորտկարան է բացել՝ Kardashian Bakery: Ամուսինները բնակվում են Թեյլոր քաղաքում, դուստերի՝ Բելլայի եւ Սառայի հետ:

Հրաչ Քարդաշանը Քիմի հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի զարմիկ Հրաչ Քարդաշյանի որդին է:
Նոր ռեստորանը բացվել է մարտի 1-ին, սակայն բացմանը մի ամբողջ պատմություն է նախորդել: Պարզվում է՝ հաստատությունը պետք է բացվեր մեկ տարի առաջ, բայց այն ժամանակ պատահար է տեղի ունեցել. մի մեքենա մխրճվել է ռեստորանի մեջ: Հետեւանքները վերացնելու համար մի ամբողջ տարի է պահանջվել:

«Ամուսինս ոսկի ձեռքեր ունի, ամեն ինչ ինքնուրույն է անում, ինչի արդյունքում կարողանում ենք հսկայական գումար տնտեսել: Արդեն սկսել ենք աշխատել, բայց ապրիլին կամ մայիսին մեծ բացում կկազմակերպենք»,- պատմել է Սանդրան:

Ի դեպ, խոհանոցի մասին. ամուսինները որոշել են չկենտրոնանալ հստակ խոհանոցի վրա, այդ պատճառով միավորել են հայկականը եւ իտալականը:
«Ամուսինս պատրաստել չգիտի: Նա հրատարակչության ոլորտում է աշխատում եւ չի ուզում թողնել գործը: Բայց այստեղ օգնում է ինձ: Ես որոշեցի, հայկական խոհանոցից զատ, նաեւ իտալական ուտեստներ պատրաստել: Շաուրմայից, լահմաջոյից, Այնթափի կերակուրներից բացի նաեւ պիցցա եւ այլ ուտեստներ կլինեն: Կարծես՝ բոլորին դուր է գալիս: Մեզ մոտ ամեն ինչ թարմ է, ամեն ինչ մենք ենք պատրաստում: Սա ջերմ, հարմարավետ ընտանեկան հաստատություն է»,- հավելել է նախկին բուժքույր Սանդրան:

Աղբյուրը՝ The News Herald.com



© NEWS.am STYLE