«Այն, ինչ տեղի է ունեցել, սարսափելի է եւ սխալ». Էլթոն Ջոնը՝ Հայոց Ցեղասպանության մասին

13:45   31 մարտի, 2017

Հայտնի մարդիկ շարունակում են իրենց աջակցությունը հայտնել Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին, որի պրեմիերան նախատեսված է ապրիլի 21-ին:

Այս անգամ ֆիլմը դիտելու կոչով իր Facebook-ում հանդես է եկել հայտնի երաժիշտ Էլթոն Ջոնը:

«Ուրախ եմ հայտնել, որ շուտով լույս կտեսնի «Խոստումը» ֆիլմը, որը պատմում է Հայոց Ցեղասպանության մասին: Այն, ինչ տեղի է ունեցել, սարսափելի է եւ սխալ: Եկեք չմոռանանք դա եւ պաշտպանենք մարդու իրավունքները՝ ուր էլ որ լինենք»,-մակագրել է Ջոնը հրապարակած հոլովակը՝ հավելելով, որ ֆիլմից ստացված հասույթը տրամադրվելու է բարեգործությանը:

Հավելենք, որ  «Խոստումը» ֆիլմին իր աջակցությունն է նաեւ հայտնել հայազգի թենիսիստ Անդրե Աղասին:

Ռեժիսոր Թերի Ջորջի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմն արդեն մի քանի ամիս է, ինչ ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային կինոսերների ուշադրության կենտրոնում է: Ֆիլմում նկարահանվել են Հոլիվուդյան աստղեր Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը, Շարլոտ Լե Բոնը, ինչպես նաեւ Հոլիվուդում հայտնի հայուհի Անժելա Սարաֆյանը: 



© NEWS.am STYLE