Ռիհանան դատի է տալիս Forever 21-ին եւ Topshop-ին՝ մեղադրելով իր արտադրանքի կրկնօրինակման մեջ

14:27   1 ապրիլի, 2017

Ռիհանան, ինչպես հայտնի է, ոչ միայն տաղանդավոր երգչուհի է, այլեւ կոշիկի հաջող դիզայներ: Հայտնի երգչուհին համագործակցում է Puma բրենդի հետ՝ թողարկելով սեփական արտադրության Fenty X Rihanna կոշիկներ:


Հիմա Puma-ն ու Ռիհանան դատի են տալիս Forever 21-ին՝ մեղադրելով Ռիհանայի արտադրանքը կրկնօրինակելու մեջ: Երգչուհու հարվածի տակ է հայտնվել նաեւ Topshop-ը:


Ռիհանան ու Puma-ն պահանջում են ոչ միայն հեռացնել կրկնօրինակված կոշիկները, այլեւ ներկայացնել այդ մոդելների վաճառքից ստացված եկամուտի հաշվետվությունը, հաղորդում է TMZ-ը:


Նմանատիպ ճակատագիր է սպասվում նաեւ Topshop-ին. Ռիհանայի ներկայացուցիչները նրան դատի են տվել Գերմանիայում:

Ի դեպ, Ռիհանան բազմիցս է մեկնաբանել նման երեւույթը սոցցանցերում, երբ իր երկրպագուները մատնանշել են այդպիսի դեպքեր:

Forever 21-ը կրկնօրինակած արտադրանքը մի փոքր ավելի էժան է վաճառում, ինչը վնաս է հասցրել Ռիհանայի եւ Puma-ի արտադրանքի վաճառքին:
Ի դեպ, Forever 21-ի համար սա եզակի դեպք չէ: Նախկինում նույն պատճառով նրան դատի էին տվել Adidas-ն ու Diane von Furstenberg-ը:




© NEWS.am STYLE