Սիլվեսթր Ստալոնեն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին՝ «Խոստումը» ֆիլմին

10:46   2 ապրիլի, 2017

Համաշխարհային աստղերը շարունակում են իրենց աջակցությունը հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին:

Այս անգամ Instagram-ի իր էջում հետաքրքիր գրառում է կատարել հոլիվուդյան դերասան Սիլվեսթր Ստալոնեն.

«Այս արտասովոր ֆիլմը կցուցադրվի ապրիլի 21-ին...սա մի թեմա է, որն ինձ միշտ հետաքրքրել է, եւ երկար ժամանակ էր պետք, որպեսզի ինչ-որ մեկը վերջապես այն վերածեր ֆիլմի: Սա ճշմարիտ ու կարեւոր պատմական դրամա է, որն «Օսկար» ստանալու բոլոր նախադրյալներն ունի: Գլխավոր դերակատարները հրաշալի են իրենց գործը կատարում: Ուզում եմ նաեւ հատուկ նշել պրոդյուսեր Մայք Մեդավոյին, քանի որ այս ֆիլմում այնքան շատ բան կա, որ ես նույնիսկ նախանձում եմ»,-գրել է նա:

Հավելենք, որ երեկ ֆիլմի մասին գրել է նաեւ աշխարհահռչակ դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆիլմը դիտելու կոչով իր Facebook-ում հանդես էր եկել հայտնի երաժիշտ Էլթոն Ջոնը:

«Ուրախ եմ հայտնել, որ շուտով լույս կտեսնի «Խոստումը» ֆիլմը, որը պատմում է Հայոց Ցեղասպանության մասին: Այն, ինչ տեղի է ունեցել, սարսափելի է եւ սխալ: Եկեք չմոռանանք դա եւ պաշտպանենք մարդու իրավունքները՝ ուր էլ որ լինենք»,-մակագրել է Ջոնը հրապարակած հոլովակը՝ հավելելով, որ ֆիլմից ստացված հասույթը տրամադրվելու է բարեգործությանը:

Ռեժիսոր Թերի Ջորջի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմն արդեն մի քանի ամիս է, ինչ ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային կինոսերների ուշադրության կենտրոնում է: Ֆիլմում նկարահանվել են Հոլիվուդյան աստղեր Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը, Շարլոտ Լե Բոնը, ինչպես նաեւ Հոլիվուդում հայտնի հայուհի Անժելա Սարաֆյանը: 



© NEWS.am STYLE