Դին Քեյնն իր աջակցությունն է հայտնել Հայոց Ցեղասպանության մասին՝ «Խոստումը» ֆիլմին (տեսանյութ)

10:44   4 ապրիլի, 2017

Համաշխարհային աստղերը շարունակում են իրենց աջակցությունը հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին:

Այս անգամ իր Twitter-ում ֆիլմի վերաբերյալ հոլովակ է հրապարակել վերջերս Հայաստան այցելած դերասան Դին Քեյնը:

«Ողջույն, ես Դին Քեյնն եմ: Ես լսել եմ ցեղասպանության՝ հայոց ցեղասպանության մասին եւ հոլոքոստի: Բայց ցեղասպանությունն այսօր էլ է ընթանում. նկատի ունեմ Սիրիան, Իրաքը, Սուդանը... Ես կպահեմ իմ խոստումը՝ ցեղասպանությունը պատմության էջերում թողնելու համար»,-հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆիլմին իր աջակցությունն էր հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, ինչպես նաեւ՝ դերասան Սիլվեսթր Ստալոնեն.

«Այս արտասովոր ֆիլմը կցուցադրվի ապրիլի 21-ին...սա մի թեմա է, որն ինձ միշտ հետաքրքրել է, եւ երկար ժամանակ էր պետք, որպեսզի ինչ-որ մեկը վերջապես այն վերածեր ֆիլմի: Սա ճշմարիտ ու կարեւոր պատմական դրամա է, որն «Օսկար» ստանալու բոլոր նախադրյալներն ունի: Գլխավոր դերակատարները հրաշալի են իրենց գործը կատարում: Ուզում եմ նաեւ հատուկ նշել պրոդյուսեր Մայք Մեդավոյին, քանի որ այս ֆիլմում այնքան շատ բան կա, որ ես նույնիսկ նախանձում եմ»,-գրել էր նա:

Ռեժիսոր Թերի Ջորջի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմն արդեն մի քանի ամիս է, ինչ ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային կինոսերների ուշադրության կենտրոնում է: Ֆիլմում նկարահանվել են Հոլիվուդյան աստղեր Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը, Շարլոտ Լե Բոնը, ինչպես նաեւ Հոլիվուդում հայտնի հայուհի Անժելա Սարաֆյանը: 



© NEWS.am STYLE