Լուիզա Կարապետյանը` «Օտարը» սերիալի, իր հերոսուհու եւ հին կերպարներին հրաժեշտ տալու մասին

15:06   5 ապրիլի, 2017

Մարտ ամսից հայ հեռուստադիտողների ուշադրությանն է ներկայացվել նոր հեռուստասերիալ` «Օտարը», որտեղ նկարահանվել են սերիալների երկրպագուների կողմից սիրված մի շարք դերասաններ, այդ թվում` «Սիրո գերին» եւ «Ուրիշի հոգին» հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Լուիզա Կարապետյանը:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Լուիզան պատմեց իր մասնակցությամբ նոր հեռուստասերիալի եւ իր հերոսուհու` Մայայի կերպարի առանձնահատկությունների մասին.

«Ես մարմնավորում եմ մի կայացած աղջկա, որն ունի կրթություն, լավ աշխատանք եւ պայքարում է իր սիրո համար: Նրա բոլոր բացասական կողմերն արդարացված են, որովհետեւ դրանց հիմքում կա սեր, պայքար` հանուն սիրած տղայի: Նկարահանվելու առաջարկը ստացել եմ ռեժիսորից եւ երբ ծանոթացա կերպարի հետ, սիրով համաձայնվեցի նկարահանվել»,-ասում է Լուիզան, որը Մայային առանձնացնում է մինչ օրս մարմնավորած իր կերպարներից.

«Երեւի կառանձնացնեմ հենց այն բանի համար, որ նրա դեպքում գոյություն ունի պայքար հանուն սիրո: Նա չունի ոչ մի շահ, պարզապես աղջիկ է, որի յուրաքանչյուր քայլ առաջնորդվում է զգացմունքով»:

Դերասանուհուց նաեւ հետաքրքրվեցինք` արդյոք հե՞շտ է կարողանում բաժանվել մի կերպարից եւ անցնել նորին.

«Յուրաքանչյուր ֆիլմ մի պատմություն է, որն ունի սկիզբ, զարգացում եւ ավարտ, ոչինչ հարատեւ չէ եւ պետք է կարողանաս արդեն հարազատ դարձած կերպարիդ ասել «մնաս բարով»` ընդունելով նորին եւ ապրելով նրա կյանքով»,-նշեց դերասանուհին` երկրպագուներին խորհուրդ տալով հետեւել հեռուստասերիալի եւ իր կերպարի հետագա զարգացումներին:

Սյունե Առաքելյան

 



© NEWS.am STYLE