Լեոնարդո Դի Կապրիոն անդրադարձել է Հայոց Ցեղասպանության մասին՝ «Խոստումը» ֆիլմին

10:13   6 ապրիլի, 2017

Օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոն իր աջակցությունն է հայտնել Հայոց Ցեղասպանության մասին՝ «Խոստումը» ֆիլմին:

Դերասանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է.

«Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը եւ Շարլոտ Լե Բոնը՝ Թերի Ջորջի ղեկավարությամբ, էքստրաօրդինար խաղ են ցուցադրել թողարկվելիք՝ «Խոստումը» ֆիլմում: Ողջունում եմ ամբողջ թիմին՝ լեգենդար պրոդյուսեր Մայք Մեդովոյի գլխավորությամբ, որի տաղանդն ու նվիրվածությունը կյանքի կոչեցին այս կարեւոր նախագիծը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆիլմին իր աջակցությունն էր հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, ինչպես նաեւ՝ դերասան Սիլվեսթր Ստալոնեն.

«Այս արտասովոր ֆիլմը կցուցադրվի ապրիլի 21-ին...սա մի թեմա է, որն ինձ միշտ հետաքրքրել է, եւ երկար ժամանակ էր պետք, որպեսզի ինչ-որ մեկը վերջապես այն վերածեր ֆիլմի: Սա ճշմարիտ ու կարեւոր պատմական դրամա է, որն «Օսկար» ստանալու բոլոր նախադրյալներն ունի: Գլխավոր դերակատարները հրաշալի են իրենց գործը կատարում: Ուզում եմ նաեւ հատուկ նշել պրոդյուսեր Մայք Մեդավոյին, քանի որ այս ֆիլմում այնքան շատ բան կա, որ ես նույնիսկ նախանձում եմ»,-գրել էր նա:

Ռեժիսոր Թերի Ջորջի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմն արդեն մի քանի ամիս է, ինչ ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային կինոսերների ուշադրության կենտրոնում է: Ֆիլմում նկարահանվել են Հոլիվուդյան աստղեր Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը, Շարլոտ Լե Բոնը, ինչպես նաեւ Հոլիվուդում հայտնի հայուհի Անժելա Սարաֆյանը: 



© NEWS.am STYLE