Արծվիկը՝ «Fly with me» երգի, «մարտահրավերների» եւ ամուսնու աջակցության մասին (ֆոտոշարք)

10:15   7 ապրիլի, 2017

«Եվրատեսիլ-2017»-ին հաշված օրեր են մնացել: Մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկն այս օրերին բուռն նախապատրաստական աշխատանքների մեջ է, սակայն նա կարողացել է իր զբաղված գրաֆիկից ժամանակ տրամադրել NEWS.am STYLE-ին եւ խոսել «Fly with me» երգի, «Եվրատեսիլ-2017»-ի մասնակիցների միջեւ հայտարարած մրցույթի եւ մրցակիցների մասին: Երգչուհին նաեւ իր մաղթանքն է հղել հայ կանանց եւ աղջիկներին՝ Ապրիլի 7-ի առթիվ:

Հարցազրույցն ամբողջությամբ եւ Արծվիկի նոր ֆոտոշարքը ներկայացնում ենք ստորեւ.

-Արծվիկ, «Fly with me» երգը մարդկանց կողմից տարբեր մեկնաբանությունների արժանացավ: Հետաքրքիր է` ինչպի՞ն էր Ձեր արձագանքը. այն Ձեզ միանգամի՞ց դուր եկավ: 

-Եվրատեսիլյան «Fly with me» երգը լսել եմ նախընտրական փուլում ստացված շուրջ 300 ստեղծագործությունների շարքում: Առաջին զգացողությունս այն էր, որ սա այն երգն է, որը տարբերվում է բոլորից, սա այն աշխատանքն է, որը ցանկանում եմ եւս մեկ անգամ լսել: Արդյունքում՝ ունկնդրեցի շատ անգամներ, ու այնպիսի տպավորություն էր, որ երգի հեղինակներին հաջողվել է ներխուժել զգացողություններիս եւ մտքերիս մեջ ու առաջարկել այնպիսի աշխատանք, որը լավագույն կերպով է ինձ բնորոշում: «Fly with me»-ն դարձավ այն երգը, որը երկար ժամանակ խմորվում էր ներսումս: 

-Եվրոպայի երկրպագուների կողմից, կարծես թե, երգն ավելի շատ սիրվեց: Սպասո՞ւմ էիք նման բուռն աջակցության եւ, ի՞նչ եք կարծում, նրանց համակրանքը կօգնի՞, որ հաղթեք: 

-Իրականում փորձում եմ լսել եվրատեսիլյան նախորդ տարիների հայ պատվիրակների խորհուրդներն ու հնարավորինս քիչ հետեւել քննարկումներին, սակայն պետք է խոստովանեմ, որ լիովին դեռեւս չի ստացվում: Երգի առնչությամբ արձագանքները բավական տարբեր էին, ու ինչպես իրավացիորեն նկատեցիք՝ եվրոպացիների շրջանում երգը շատ ավելի շուտ սիրվեց: Հուսամ՝ դա կօգնի շատ sms-ներ ստանալ քվեարկության ընթացքում:

-Այս պահին ամենից շատ խորհուրդներով ո՞վ է Ձեր կողքին եւ ո՞վ է աջակցում Ձեզ:

-Չգիտեմ դա լավ է, թե՝ ոչ, բայց յուրաքանչյուրը, ում հետ հասցնում եմ շփվել: Խանութի վաճառողից՝ մինչեւ տաքսու վարորդ, հարեւանից՝ մինչեւ գործընկերներ. այս հարցում եւս յուրահատուկ ենք, ինչ խոսք: Սա, իհարկե, կես-կատակ, իսկ իրականում՝ ամեն վայրկյան կողքիս է ամուսինս, ինչպես նաեւ Հանրային հեռուստաընկերության թիմը, ում խորհուրդներին էլ ամենից շատն եմ հետեւում:   

-«Եվրատեսիլ-2017»-ի բոլոր մասնակիցների երգերն արդեն թողարկվել են: Ո՞ւմ եք համարում Ձեր ամենաուժեղ մրցակիցը: 

-Արդեն բոլոր երկրների երգերն են հայտնի, ու ինձ համար այդ ամբողջությունը մի մեծ գունապնակ է հիշեցնում, որտեղ բազում գույներ կան՝ մեկը մյուսին լրացնող, հարստացնող, երբեմն նույնիսկ անզատելի:  Ուժեղ մասնակիցների մասին կկարողանամ խոսել, երբ եվրատեսիլյան առաջին փորձի ընթացքում բոլորս կենդանի կատարումներով հանդես գանք. դա արդեն որոշակի ցուցիչ կլինի: Իսկ մինչ այդ՝ ինձ յուրաքանչյուր երկրի մասնակցի կատարում օգնում է մտքումս կազմելու այն պատկերը, որը մեկ բառով կոչվելու է «Եվրատեսիլ-2017»:   

-Ինչպե՞ս առաջացավ «մարտահրավերներ» նետելու հետաքրքիր գաղափարը:

-Ինչպես արդեն բազմիցս նշել եմ, «Fly with me» երգի մեղեդին համադրում է աշխարհի էթնիկ երաժշտությունների առանձնահատկությունները: Ու երգի ձայնագրման, ինչպես նաեւ նախապատրաստական աշխատանքների ընթացքում մեծ հետաքրքրությամբ ու մոլուցքով սկսեցի ուսումնասիրել հայկական էթնիկ երաժշտությունը, որից հետո նաեւ ցանկություն ունեցա անդրադառնալու  մասնակից երկրների էթնիկ երաժշտություններին: Այդ ողջ ընթացքն ինձ այնքան ոգեւորեց, որ ցանկացա ներգրավել եվրատեսիլյան մասնակիցներին՝ հնարավորություն տալով առավել լավ ճանաչելու միմյանց մշակույթները: Սա սկզբում խաղ էր, որը երբեմն վերաճում էր երաժշտագիտական քննարկումների, ինչն, իհարկե, ոգեւորիչ է:

-Այս պահին նախապատրաստական ո՞ր փուլում եք:

-Տրամադրվում եմ մեկամսյա հետհաշվարկին:  Այժմ ակտիվորեն բեմադրության հետ կապված աշխատանքներն են տարվում, ինչպես նաեւ երգի, վոկալի, պարի, հագուստի փորձերը: Այս ընթացքում նաեւ ճամփորդում եմ, երգս ներկայացնում եվրատեսիլյան երկրպագուներին:   

-Այսօր Ապրիլի 7-ն է: Ի՞նչ կմաղթեք հայ կանանց եւ աղջիկներին:

-Մաղթանքս մեկն է՝ ցանկանում եմ, որ յուրաքանչյուր կին մշտապես սիրված լինելու հնարավորություն եւ երջանիկ լինելու բազում առիթներ ունենա: 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE