Ջորջ Քլունին՝ «Խոստումը» ֆիլմի լոնդոնյան պրեմիերային

09:47   7 ապրիլի, 2017

Լոնդոնում կայացել է Հայոց Ցեղասպանության մասին՝ «Խոստումը» ֆիլմի պրեմիերան, որին ներկա է եղել հայտնի դերասան Ջորջ Քլունին: Այս մասին տեղեկանում ենք ֆիլմի սաունդթրեքի կատարող Քրիս Քորնելի Twitter-ի էջից:

Հայտնի մարդիկ շարունակում են իրենց աջակցությունը հայտնել Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին՝ երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասաններ Սիլվեսթր Ստալոնեն, Բարբարա Սթրեյզանդը, իսկ երեկ՝ նաեւ օսկարակիր Լեոնարդո Դի Կապրիոն: Վերջինս իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է.

«Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը եւ Շարլոտ Լե Բոնը՝ Թերի Ջորջի ղեկավարությամբ, էքստրաօրդինար խաղ են ցուցադրել թողարկվելիք՝ «Խոստումը» ֆիլմում: Ողջունում եմ ամբողջ թիմին՝ լեգենդար պրոդյուսեր Մայք Մեդովոյի գլխավորությամբ, որի տաղանդն ու նվիրվածությունը կյանքի կոչեցին այս կարեւոր նախագիծը»:

Ռեժիսոր Թերի Ջորջի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմն արդեն մի քանի ամիս է, ինչ ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային կինոսերների ուշադրության կենտրոնում է: Ֆիլմում նկարահանվել են Հոլիվուդյան աստղեր Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը, Շարլոտ Լե Բոնը, ինչպես նաեւ Հոլիվուդում հայտնի հայուհի Անժելա Սարաֆյանը: 



© NEWS.am STYLE