Հայուհի Keyoh-ը՝ բելգիական հեղինակավոր ամսագրի շապիկին հայտնվելու եւ ամուսնու հետ Հայաստան այցելելու մասին (ֆոտո)

13:25   8 ապրիլի, 2017

Բելգիայում հայտնի հայազգի երգչուհի Կարինե Օհանյանը՝ Keyoh-ը, երկրորդ անգամ հայտնվել է բելգիական հայտնի՝ Modellenland ամսագրի շապիկին:

Երգչուհին իր նոր ֆոտոշարքը տրամադրել է NEWS.am STYLE-ին, ինչպես նաեւ պատմել  հանրահայտ ամսագրի հետ հերթական համագործակցության մասին:

«Շատ զարմացած էի նման առաջարկ ստանալու համար, քանի որ վաղուց մոդելինգով չեմ զբաղվում եւ վերջին 5 տարիների ընթացքում ավելի շատ կենտրոնացած եմ իմ երգարվեստի վրա: Բայց ամսագիրը կրկին ցանկացավ ինձ հետ համագործակցել, քանի որ իմ լուսանկարով շապիկը նախորդ անգամ ռեկորդային թվով վաճառք էր գրանցել»,-պատմում է Keyoh-ը, որ այս անգամ աշխատել է լուսանկարիչ Թոմ Դե Ուինի հետ.

«Առաջին անգամ էինք միասին աշխատում, բայց շատ հեշտ հարմարվեցի նրան: Նա շատ պրոֆեսիոնալ էր եւ ամեն ինչ անում էր, որ լուսանկարներում ես գեղեցիկ լինեմ»:

Երգչուհուն ամսագրի այս շապիկն ավելի է դուր եկել, քան նախորդը եւ նա բացատրեց, թե ինչու.

«Առաջինն էլ էր լավը, բայց այստեղ ես շատ տարբեր եմ, դրա համար էլ սա ինձ ավելի դուր եկավ: Կարծում եմ՝ հրաշալի է, երբ մարդիկ քեզ նոր կողմերից են բացահայտում: Ինքս էլ զարմացած էի»,-ասում է նա:

Ի դեպ, երաժշտական նորություններ Keyoh-ը նույնպես ունի.

«Առաջին նորությունը, որով կցանկանայի կիսվել այն է, որ հունական հիթ շքերթում իմ նոր սինգլը՝ Eyes wide shut-ը, առաջին հորիզոնականում է: Նաեւ պայմանագիր եմ կնքել ռուսական շուկայի հետ: Բացի դա՝ Լոս Անջելեսում նոր տեսահոլովակ ենք նկարահանել, որի պրեմիերան կկայանա ամռանը: Նաեւ մի շարք հեղինակավոր բրենդների հետ եմ պայմանագրեր կնքել: Ամեն ինչ անում եմ՝ երկրպագուներիս հետաքրքիր լինելու համար»:

Երգչուհու կարեւորագույն նպատակներից մեկն այս տարվա մեջ գոնե մեկ անգամ Հայաստան այցելելն է:

«Ամուսինս էլ անհամբերությամբ սպասում է Հայաստան գալուն: Նա Հայաստանի հետ կապված ամեն ինչ սիրում է: Ծրագրում ենք այդտեղ լինել սեպտեմբերին: Ինչպես ասում են՝ առաջ Աստված»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE