Երեւանյան ազդ. ուր գնալ այս շաբաթ

11:01   10 ապրիլի, 2017

Հարգելի ընթերցողներ, NEWS.am STYLE-ը հավաքելով ուժերն ու մտքերը, քննարկելով առաջիկա նոր նախագծերը, որոշել է նոր խորագիր բացել, որը կօգնի ձեզ կողմնորոշվել, թե մեր մայրաքաղաքում ուր կարելի է գնալ՝ հաճելի ժամանակ անցկացնելու համար: Ընդ որում՝ խոսքը միայն հանգստյան օրերի ու միայն համերգների մասին չէ: Այս խորագրի ներքո մենք որոշել ենք ներկայացնել ցանկացած հետաքրքիր բան, որը տեղի է ունենալու շաբաթվա ընթացքում քաղաքում:
Այսպիսով, ուրբաթ Պուշկինի 39 հասցեում գտնվող Barcode բարում հանդես է գալու Extensions Acoustically համույթը, որի կազմում են Ռենան ու Վահե Թիլբեանը, ով «Եվրատեսիլում» հանդես է եկել Geneology-ի կազմում:

Եթե դուք սիրում եք որակ, լավ վոկալ եւ աննկարագրելի զգացողություններ, ապա այն ձեզ համար է: Ռենան ու Վահեն հաճախ են իմպրովիզներ անում, եւ դա արժե տեսնել: Հանրահայտ երգեր, Շադեի եւ Սթինգի միախառնում, կենդանի կատարմամբ օրիգինալ միքսեր: Այնպես որ, բաց մի թողեք:


Իսկ ապրիլի 15-ին Pub 37-ում հանդես կգա Another Story Band խումբը, որը երեւանյան փաբերում ռուսական ռոք է կատարում եւ ոչ միայն: Այս խումբը կարողանում է այցելուներին պարեցնել։

Տեխնոյի եւ հաուսի սիրահարները ապրիլի 15-ին կարող են այցելել Paparazzi Club, որտեղ ամբողջ երեկոն իր ներկայությամբ կթեժացնի ամերիկացի հայտնի դիջեյ Ջերեմի Օլանդերը:

Իսկ եթե ձեզ մոտ բլյուզի տրամադրություն է, եւ դուք ցանկանում եք ժամանցն անցկացնել, օրինակ, այսօր երեկոյան, ապա Club 12-ում ձեզ սպասում են Մաշա Մնջոյանն ու Imagine Band-ը: Նրանք հաստատ գովազդի կարիք չունեն:


Իսկ Տերյան 55 հասցեում գտնվող Forsh Club-ում հանդես կգա Fantastic Cadence Ensemble խումբը: Բաց մի թողեք դա. նրանք հանրահայտ արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պյացոլլայի հետեւորդներն են, ով տանգո նուեվո ոճի հիմնադիրն է: Այս ոճի սիրահարներին հրաշալի մթնոլորտ է սպասվում:

Մեզ համար սիրելի վայրերից մեկում՝ Dargett բարում, չորեքշաբթի հանդես է գալու Robin's Faith Alchemy-ն, որը ձեզ կուրախացնի ռոք եւ փոփ կատարումներով:


Իսկ հիմա ուշադրություն՝ ավելի վեհի մասին. Կոմիտասի տուն-թանգարնաում արդեն բացվել է երաժշտական գործիքներին, նրանց ստեղծմանն ու պատմությանը նվիրված ցուցադրություն, որը խորհուրդ ենք տալիս այցելել:



© NEWS.am STYLE