Սյուզաննա Մելքոնյանը՝ «Նոր Ալիք 2017»-ին մասնակցելու, նախընտրական փուլի դժվարությունների եւ մրցակիցների մասին

12:08   12 ապրիլի, 2017

Սեպտեմբերի 8-15-ը Սոչիում կկայանա «Նոր Ալիք 2017» երիտասարդ կատարողների մրցույթը, որին այս տարի Հայաստանը կներկայացնեն «Դեպի Եվրատեսիլ» մրցույթից հայտնի երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը եւ «Հայաստանի Ձայնը» մրցույթի մասնակից Էռնա Միրզոյանը: Թեմայի շուրջ NEWS.am STYLE-ը զրուցել է Սյուզաննա Մելքոնյանի հետ, որը խոստովանել է՝ մրցույթին մասնակցելն իր վաղեմի երազանքն է եղել.

««Նոր Ալիք» մրցույթն ինձ շատ վաղուց է հետաքրքրել: Երբ ընտրեցի պրոֆեսիոնալ երգով զբաղվելու ուղին, ցանկություն կար միջազգային հարթակում ներկայացնել մեր երկիրը: Տարիներ առաջ էլ մասնակցել եմ մրցույթին, բայց մեր երկրում ընդգրկվել եմ միայն լավագույն տասնյակի մեջ:  Դրանից հետո որոշեցի աշխատել ինձ վրա: Եվ, ահա, հասունացավ պահն, ու որոշեցի մասնակցության հայտ ներկայացնել մրցույթին: Նրանց ուղարկեցի իմ ձայնագրությունները՝ միջազգային հիթ, երկրի հիթ եւ հեղինակային երգ, որը գրել է Շուշան Սարգսյանը: Ուղարկեցի երգերն ու իմ լուսանկարները, որից հետո ինձ զանգահարեցին եւ ասացին, որ կսպասեն Մոսկվայում կայանալիք կիսաեզրափակիչ փուլին»,-պատմում է Սյուզաննան՝ հավելելով, որ նախընտրական փուլն, իսկապես, բարդ է եղել.

«Այնքան զբաղված էի հայտը լրացնելով, որ չեմ էլ հասցրել հասկանալ, թե ինչպես եմ հաղթահարել այդ փուլը»,-ասում է երգչուհին, որն այդ ընթացքում շատ հետաքրքիր մասնակիցների հետ է ծանոթացել.

«Կային մասնակիցներ, որոնք ավելի մեծ փորձ ունեին, քան ես, եւ ինձ համար դա հետաքրքիր մաստեր կլաս էր, քանի որ իմ ելույթից հետո կարողացա լսել նաեւ նրանց կատարումները: Այս պահի դրությամբ՝ ֆինալիստներով 15-ն ենք, եւ միմյանց արդեն կհանդիպենք օգոստոսին՝ Սոչիում: Բոլորն էլ շատ ուժեղ են... Եթե չեմ սխալվում՝ 8-9 երկիր է մասնակցելու այս տարվա մրցույթին»:

Ընտանիքից եւ ընկերնրից զատ՝ Սյուզաննային սատարում են նաեւ երկրպագուները.

«Ինձ աջակցում է այն հանդիսատեսը, որոնք տարբեր մրցույթների ժամանակ եղել են իմ կողքին, ինչի համար շատ շնորհակալ եմ նրանց: Բայց առաջնահերթ ինձ սատարում է հայրիկս, որը եւս ժամանակին եղել է երաժիշտ»:

Երգչուհուց հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք արդեն որոշել է, թե որ երգերով է ներկայանալու «Նոր Ալիք 2017»-ին. «Մրցույթը տեւելու է մի քանի օր. պետք է կատարենք միջազգային հիթ, մեր երկրի հիթերից եւ հեղինակային երգ: Երեւի մեկ ամսից արդեն ավելի պարզ կլինի, թե որ երգերը պետք է կատարեմ»,-նշեց նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սյուզաննայի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE