Ռայան Գոսլինգը եւ այլ աստղեր՝ ի աջակցություն Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի

10:36   12 ապրիլի, 2017

#KeepThePromise հեշթեգն այս օրերին գերիշխում է սոցցանցերում: Հայոց Ցեղասպանության մասին՝ «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերայից առաջ մի շարք աստղեր իրենց աջակցությունն են հայտնել դրա հանրայնացմանը:

Այսպես, ֆիլմը դիտելու եւ Ցեղասպանությունը դատապարտելու կոչով արդեն հանդես են եկել Էլթոն Ջոնը, Լեոնարդո Դի Կապրիոն, Սիլվեսթր Սթալոնեն, Բարբարա Սթրեյզանդը, Անդրե Աղասին: «Խոստումը» ֆիլմին իր աջակցությունն է հայտնել նաեւ դերասան Ռայան Գոսլինգը: Ճիշտ է, նա այդ համատեքստում դատապարտել է Կոնգոյում տեղի ունեցող իրադարձությունները, այնուամենայնիվ, չի մոռացել օգտագործել նաեւ #KeepThePromise (պահել խոստումը) հեշթեգը:

Ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ Ջոն Փրենդեգաստն էլ նշել է. «Ես երբեք չեմ մոռանա նրանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը Հայոց Ցեղասպանության եւ այլ ցեղասպանությունների ժամանակ»:

Հայտնի դերասան, սցենարիստ եւ ռեժիսոր Դոն Շիդլենը  եւս իր աջակցությունն է հայտնել «Խոստումը» ֆիլմին՝ հրապարակելով հոլովակ:

Ռեժիսոր Թերի Ջորջի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմն արդեն մի քանի ամիս է, ինչ ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային կինոսերների ուշադրության կենտրոնում է: Ֆիլմում նկարահանվել են Հոլիվուդյան աստղեր Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը, Շարլոտ Լե Բոնը, ինչպես նաեւ Հոլիվուդում հայտնի հայուհի Անժելա Սարաֆյանը: 



© NEWS.am STYLE