«Մենք մինչեւ շները... ԴԵՌ ՊԻՏԻ ՀԱՍՈՒՆԱՆԱՔ, որ հավասարվենք ՆՐԱՆՑ ՎԵՀԱՆՁՆՈՒԹՅԱՆԸ... Իսկ նրանք դարերով չեն հասնի ՄԱՐԴԿԱՅԻՆ ՍՏՈՐՈՒԹՅԱՆԸ!!!» Ա. Ռոզենբաում
Կարծես՝ Շոպենհաուերն է ասել, որ մարդու էությունը մանրուքների մեջ է երեւակվում: Հենց մանրուքներն են որոշում, թե ով ենք մենք, հենց մանրուքներն են մեզ ցույց տալիս, թե մենք ինչպես ենք վերաբերվում ինքներս մեզ եւ մեզ շրջապատող միջավայրին: Եվ այն, թե ով ենք մենք, անկախ այն հանգամանքից՝ օլիգարխ ենք կամ սովորական մահկանացու, որոշում է այն կառույցի ապագան, որը պետություն է կոչվում: Երեսպաշտությունն արտահայտվում է ոչ միայն նրանում՝ վերցրել եք 10 հազար դրամ, թե ոչ հանուն ձեր ձայնը տալու, այլեւ նրանում, որ աղբամանի կողքին կանգնած՝ դուք , միեւնույն է, ծխուկը կնետեք գետնին: Շրջապատում տեղի ունեցողի հանդեպ տոտալ հուսահատությունը եւ անտարբերությունը, առաջնորդվելով «իմ խրճիթը ծայրում է» հավատամքով, առաջին հերթին ձեզ է հարվածում: Երեկ NEWS.am STYLE-ն այսպիսի նամակ է ստացել՝ կցված լուսանկարներով:
Սա պատմություն է այն մասին, թե անտուն շներն ինչպես են փորձում ողջ մնալ Երեւանի փողոցներում:
Առաջին անգամ՝ մոտ երեք տարի առաջ, Կոմիտասի անվան այգում հանդիպեցի շների խմբի: 6-7 շներ էին՝ բոլորը սարսափելի վախեցած, հիվանդ, եւ ոչ մեկը նրանց կարիքը չուներ: Յուրաքանչյուրն իր պատմությունն ունի: Ավելի ուշ պարզվեց, որ նրանք դեմոդեկոզով են հիվանդ: Քանի որ նրանց կերակրող սրտացավ մարդիկ չէին կարող օգնել, շները սկսեցին մեկը մյուսի հետեւից սատկել: Սահմռկեցնող տեսարանը թույլ նյարդեր ունեցողների համար չէր: Կաշի ու ոսկոր, բուրդը՝ միայն տեղ-տեղ, եւ ամբողջ մարմնով մեկ վերքեր:
Սակայն Սպիտակին բախտ վիճակվեց ողջ մնալ, զույգ գտավ, եւ միասին մնացին... Ժամանակ առ ժամանակ նրանց մոտ ձագուկներ էին ծնվում՝ նույնպես դեմոդեկոզով հիվանդ, որոնք սատկում էին, չնայած նրանց բուժելու՝ կամավորների ջանքերին:
Սարսափելի ցուրտ ձմռան ընթացքում բարի մարդիկ կերակրում էին Սպիտակին եւ նրա ընտանիքին, որի շնորհիվ նրանք ոտքի կանգնեցին: Նրանց նույնիսկ հաջողվեց կերակրել ձագերից մեկին, որից հետո հիվանդ ձագուկին փրկեցին: Հիմա նրան պահում է ընկերս, շրջապատված է խնամքով ու սիրով:
Արդեն 2 շաբաթ ես փող էի հավաքում Սպիտակի բուժման համար: Երբ գումարը գրեթե հավաքվել էր, եւ օրերս ես պետք է դեղ ձեռք բերեի, ինձ զանգահարեց հարեւանուհիս եւ այգի կանչեց: Հետո տեղի ունեցավ ամենասարսափելին... Պարզվում է՝ շներին կերակրելու համար հերթական անգամ այգի գալով, նա Սպիտակին սատկած է գտել:
Երբ այգի եկա, շունը խաղաղ քնած էր ծառի տակ: Նրա մահվան շատ վարկածներ կային, բայց բավական էր նրան կողքի շրջել, եւ ակնհայտ դարձավ, որ նրան գնդակահարել են՝ ստորաբար, դաժանորեն, գիշերով, երբ մեզնից ոչ մեկը չէր կարող նրան պաշտպանել:
Սպանել էին միայն նրան, որովհետեւ նրան նշանառության տակ վերցնելն ամենահեշտն էր, մյուսներին, բարեբախտաբար, հաջողվել էր փախչել: Շանը, որը մշտապես Սպիտակի կողքին էր, նրա հետ ուտելիքն էր կիսել՝ ասես հասկանալով, որ հիվանդությունը նրա բոլոր ուժերը խլում է, ցավալի էր նայելը: Վհատված շունը նստած էր կողքին ու նայում էր, թե ինչպես են թաղում Սպիտակին, հետո վնգստոցով վազեց ամբողջ այգով մեկ՝ իր տեղը չգտնելով: Շան աչքերի մեջ այնքան ցավ կար, որ անհնար է բառերով նկարագրել…
Չհասցնելով ուշքի գալ՝ գնացի պահակի մոտ եւ պարզաբանում պահանջեցի, քանի որ համոզված էի, որ հենց նրանք էին կրակող խմբին կանչել: Բավական էր ձայնս բարձրացնել, եւ նրանք համերաշխորեն դա խոստովանեցին:
Բայց սա էլ դեռ ամենը չէ: Սպիտակից բացի, այգում է ապրում տանջված, այգու աշխատակիցների կողմից ծեծված մեկ այլ շուն՝ 5 ձագերով: Սպառնացին նրանց էլ սպանել, եթե տարածքից չհեռացնեմ: Ի դեպ, նրանց սպառնալիքները միանգամայն իրատեսական են, քանի որ նրանք մեկ անգամ չէ, որ կանչել են «Յունիգրաֆ Х»-ի աշխատակիցներին, որոնք ձագերին բռնել ու տարել են, որից հետո, բնականաբար, սպանել են:
Այգու աշխատակիցներն իրենք էլ են մի քանի անգամ ձագուկներին սպանել բահերով, երբ նրանք քնած էին:
Հարցիս՝ ինչո՞ւ, ագրեսիայով գռմռացին, թե շները տրորում են ծաղկաթմբերը, աղբը դեսուդեն են տարածում եւ քնում են շիրիմների վրա: Սա, իհարկե, ստոր, ոչ մի բանով չհիմնավորված սուտ է: Ես վկա եմ եղել, թե ինչպես են անցորդները կոտրում ծառերը, տրորում ծաղկաթմբերը, սակայն նրանց ոչ մեկը դիտողություն չի անում:
Ամեն անգամ կերակրելուց հետո ես նրանցից հետո մաքրում եմ: Աղբը տարածում են ագռավները եւ քամին, սակայն անօգուտ է այգու աշխատակիցներին ինչ-որ բան բացատրելը: Նրանք պարզապես շներին ատում են եւ հնարավոր ամեն բան անում, որպեսզի առանց այն էլ ճակատագրից վիրավորված թափառող կենդանիների կյանքը դժոխքի վերածեն:
Աննա Սաֆարյան