Exclusive. «Հիմա գիտեմ, որ Կոմիտասն անվանի կոմպոզիտոր է». «Եվրատեսիլում» Գերմանիայի ներկայացուցչի զբոսանքը Երեւանում

16:35   13 ապրիլի, 2017

«Եվրատեսիլ 2017» մրցույթում Գերմանիայի ներկայացուցիչ Լեւինան երեկ ժամանել է Հայաստան, իսկ այսօր արդեն ակտիվորեն բացահայտում է Երեւանը՝ զբոսնելով ամենահայտնի տեսարժան վայրերում։ NEWS.am STYLE-ը Լեւինայի հետ եղել է Գաֆէսճեան քանդակների պարտեզում, լուսանկարել նրան եւ, իհարկե, զրուցել «Եվրատեսիլ»-ի, Արծվիկի, Հայաստանից ստացած տպավորությունների եւ մրցույթից նրա սպասելիքների մասին։ Նրան նույնիսկ հայերեն խոսել ենք սովորեցրել :)

Մանրամասները՝ հարցազրուցում։

-Լեւինա, շատ ուրախ ենք Ձեզ տեսնել Հայաստանում։ Գիտե՞իք, որ «Կաքավիկ» երգի կատարումից հետո բավականին հայտնի եք այստեղ։

-(Ծիծաղում է)։ Նախ՝ ուզում եմ ասել, որ իսկապես շատ ուրախ եմ այստեղ լինելու համար։ Ինձ արդեն դուր են եկել թե երկիրը, թե մարդիկ։ Ինչ վերաբերում է հայերեն երգի իմ կատարմանը՝ իսկապես դա «մարտահրավեր» էր ինձ համար։ Բառերը շատ անսովոր էին, բացի այդ՝ երաժշտությունն էլ տարբերվում էր գերմաներեն կամ անգլերեն երգերի երաժշտությունից։ Դժվար էր, բայց այն հաճույքով եմ կատարել։

-Իսկ ինչո՞ւ հենց այս երգը ցանկացաք կատարել։

-Կարծում եմ՝ Արծվիկը նման մրցույթ էր հայտարարել, որպեսզի մենք կարողանայինք ծանոթանալ հայկական երաժշտությանը։ Օրինակ՝ հիմա ես գիտեմ, որ Կոմիտասն անվանի կոմպոզիտոր է։ Հրաշալի է, որ բախտ վիճակվեց նրա ստեղծագործություններից մեկը կատարել։

-Ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանն էլ ընդգրկվեց Ձեր պրոմո-շրջագայությունների ցանկում։

-Մի քանի օր առաջ Վրաստանում էի։ Պրոմո արշավների շրջանակներում եղել եմ նաեւ Լոնդոնում, Թել Ավիվում եւ Ամստերդմում։ Նամակներով տարբեր երկրների ենք դիմել, եւ շատ ուրախ եմ, որ Հայաստանը սիրով հյուրընկալեց մեզ։

-Առաջին օրն եք շրջում Երեւանով. ի՞նչ տպավորություններ ունեք։

-Ինձ շատ է այստեղ դուր գալիս։ Հիմա, օրինակ, Գաֆէսճեան քանդակների պարտեզում ենք, հրաշալի կառույց է։ Անկեղծ ասած, երբ պետք է այստեղ գայի, չգիտեի՝ ինչ սպասել, բայց երբ երեկ գիշեր քայլում էինք քաղաքով, ես հասկացա, որ Երեւանը նման է եվրոպական քաղաքներին, օրինակ՝ ես Իտալիային նմանեցրեցի։ Դեռ շատ տեղեր չեմ այցելել, բայց հուսով եմ՝ ավելի շատ բան կտեսնեմ այստեղ։

-Արդեն հանդիպե՞լ եք Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկին։

-Այստեղ չենք հանդիպել։ Միմյանց տեսել ենք Թել Ավիվում եւ Ամստերդամում։ Արծվիկը հրաշալի անձնավորություն է։ Այս պրոմո արշավների ընթացքում հնարավորություն չի լինում շատ մոտիկից ծանոթանալու բոլոր մասնակիների հետ, բայց Արծվիկի հետ, իսկապես, հրաշալի շփում ենք ունեցել։

-Իսկ «Fly With Me» երգի մասին ի՞նչ կասեք։

-Ինձ այն դուր է գալիս։ Կարծում եմ՝ թե երգն է լավը, թե Արծվիկի կատարումը։ Նա շատ հզոր ձայն ունի։ Ինձ տեսահոլովակն էլ է դուր գալիս։ Այն շատ յուրահատուկ է։

-Լավ, խոսենք Ձեր՝ «Perfect Life» երգի մասին։ Ո՞րն է Ձեր պատկերացմամբ կատարյալ կյանքը։

-Շատ դժվար հարց է։ Կարծում եմ՝ իմ երգի եւ, առհասարակ, կատարյալ կյանքի հաղորդագրությունը սա է՝ պետք է մի կողմ թողնել բացասական բաներն ու դրանք վերածել դրականի։ Իմ կարծիքով՝ մեր կյանքում տեղի ունեցող ցանկացած բացասական բան տանում է մեզ դեպի կատարյալ կյանք, քանի որ այդ իրադարձությունները կոփում են մեզ։

-Ի՞նչ կասեք Ձեր մրցակիցների մասին։ Արդեն կանխատեսո՞ւմ եք, թե ով կհաղթի։

-Վստահ չեմ կարող ասել, որովհետեւ, իմ կարծիքով, շատ լավ մասնակիցներ կան։ Երգերն էլ են տարբեր՝ բալլադներ, զգացմունքային եւ աշխույժ երգեր։ Չեմ կարող նշել, թե ով է լավագույնը, բայց, իհարկե, ես էլ կցանկանայի հայտնվել լավագույն տասնյակում։

-Առհասարակ, ի՞նչ սպասելիքներ ունեք «Եվրատեսիլ»-ից։

-Ուղղակի ուզում եմ փորձ կուտակել այս մրցույթի ընթացքում։ Ուզում եմ ծանոթանալ տարբեր մշակույթներին, չէ՞ որ տարբեր երկրներից ենք այնտեղ ժամանում։ Այսօր էլ Հայաստանում եմ, ինչը եւս ինձ համար փորձ է։ Բացի այդ, որպես արտիստ էլ կարող ենք կոփվել այդ հսկայական բեմի վրա։ Հուսով եմ՝ իմ երգը կներկայացնեմ բազմաթիվ մարդկանց եւ հրաշալի հիշողություններ կկուտակեմ մրցույթի ընթացքում։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE