Երեւանյան էսքիզներ. ծանոթություն Չարբախի հետ

21:10   14 ապրիլի, 2017

Պարտադիր չէ Նյու Յորքի (եւ որեւէ այլ) համալսարանն ավարտել՝ Ջարմուշ դառնալու համար, որը նկարահանել է «Ավելի տարօրինակ, քան դրախտում»-ը: Բավական է մեն-մի զբոսանքը երեւանյան Չարբախով: Ցանկալի է՝ անձրեւոտ եղանակին: Ցանկալի է մարտին, երբ երկարատեւ, գրեթե չվերջացող ձմռանից հետո մտնում ես մետրո, սպասում նույն գնացքին եւ ռիթմիկ, ոչ երեւանյան ակցենտով սուլելով հասնում Չարբախ: Մինչեւ Շենգավիթի կայարան գնացքները մաքոքային եղանակով են գնում՝ երկու կողմից իրար հերթագայելով: Զգո՛ւյշ, դռներ կան:

Նաեւ աղավնիներ պահող կա, ում կարելի է հանդիպել՝ մետրոյից դուրս գալուց հետո քայլելով առաջին իսկ պատահած փողոցով: Նրա գոյությունն առանձնապես դուր է գալիս աղավնիներին՝ վեր թռչել կարելի է նաեւ հենց այնպես, բայց իջնել է պետք ինչ-որ մեկի մոտ: Նրանք սա գիտեն: Նրանց սա ներարկում են ծնվելուց հետո թեւերի հետ միասին:

«Տարօրինակ է,- մտածում է ոչ երեւանցին,- քաղաքը քոնը դարձնելու համար բավական է աղավնի պահող մի քանիսին գտնել եւ հարց տալ»: Իհարկե, կա ավելի հեշտ միջոց էլ՝ այստեղ ծնվել, բայց դա մյուս անգամ: Չարբախը չի ողջունում, հարցեր չի տալիս, չի առաջարկում վերարկուն կախել կամ ինքդ կախվել: Չի շտապում թեյ պատրաստել: Նման ազատությունից կոշիկներդ միջանցքում հանելու եւ փախչելու ցանկություն է առաջանում: Չարբախն իրեն անհարմար է զգում շինարարական (եւ ոչ միայն) աղբի պատճառով, բայց ներողություն խնդրելու միտք էլ չունի: Աղավնիների հետ «դու»-ով է խոսում, յուրաքանչյուրին անունով կդիմեր, եթե անուններ ունենային: Քեզ հետ ձեւեր չի թափում: Ձեզ զգացեք ինչպես տանը, եթե գիտեք, թե ինչ է տանը լինելը:

Աղավնի պահողները սովորաբար մարդկանց սերունդներ են, որոնք մանկության տարիներին երազել են տիեզերագնաց դառնալու մասին: Հիմա նրանք մեծացել են եւ բավարարվում են երկնքով:

Դու հարց չես գտնի եւ այս քաղաքը քոնը չես դարձնի: Դու կցանկանաս քաղաքին նայել օդանավի իլյումինատորից եւ այնտեղից կերակրել աղավնիներին:

Չարբախում ազատությունը կտցահարում են, ինչպես ցորենը, որովհետեւ յուրաքանչյուրը ինչ-որ չափով աղավնի է: Նույնիսկ նա, ով եկել է պարզապես նայելու: Եվ յուրաքանչյուրը ինչ-որ չափով քեռի Հակոբ է, որն ազատությունը չափաբաժիններով է նետում, որ չխրտնեցնի: Զգո՛ւյշ, դրախտը գոյություն ունի:

Գոյություն ունես նաեւ դու եւ առաջ ես գնում: Ինչպես եւ սահմանված է՝ գտնո՞ւմ ես ճոճանակ, լապտեր, դեղատուն, գիշեր:

Կապույտ շենքը թռչում է, հենց նրանից շրջվում ես, ինչպես եւ այն ամենը, ինչն ամրացված է գետնին: Եվ դու շրջվում ես (սա նման է միջանցքում կոշիկները հանելուն), բայց չես փախչում: Կամացուկ սուլելով այն նույն ոչ երեւանյան ձեւով, հետ ես գնում, ժետոն վերցնում քաղաքի հակառակ ծայրի համար եւ Ջարմուշին հրաժեշտ տալով՝ ասում ես ինչպես նրա Ուիլին.

- Տարօրինակ է, գալիս ես ուրիշ քաղաք, բայց թվում է՝ ոչ մի տեղ էլ չես մեկնել:

 

Վեներա Ավետիսյան



© NEWS.am STYLE