«Հայոց Ցեղասպանության պատմությունը պատմություն է, որի ժխտման դեմ մենք դեռ պայքարում ենք». Ալեքսիս Օհանյան

11:33   17 ապրիլի, 2017

Անցյալ շաբաթ Լոս Անջելեսում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրեմիերան, որի մասին գրել են բոլոր հեղինակավոր արտասահմանյան պարբերականները։
Կարմիր գորգին փայլել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են՝ Քիմ ու Քորթնի Քարդաշյանները, Շերը, Անժելա Սարաֆյանը (խաղում է ֆիլմում), Սերժ Թանկյանը, Օրլանդո Բլումը, Սիլվեսթր Սթալոնեն, Նինա Դոբրեւը, Օլիվիա Կալպոն, ժապավենի ռեժիսոր Թերրի Ջորջը, ֆիլմի դերակատարներ Քրիսթիան Բեյլը, Օսկար Այզեքն ու Շարլոտա Լը Բոնը։
Այցելուների թվում էր նաեւ Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը, ով շնորհանդեսին ներկայացել է իր պապիկի՝ 95-ամյա Ջոն Օհանյանի հետ միասին։

Ալեքսիսը կարմիր գորգի վրա հարցազրույց է տվել լրատվամիջոցներին, որից մի հատված հրապարակել է Instagram-ի իր էջում։

«Ես Ալեքսիս Օհանյանն եմ, իսկ նա իմ պապիկ Ջոն Օհանյանն է։ Ես հաջողակ գործարար եմ դարձել այս երկրում այնպիսի մարդկանց շնորհիվ, որոնց արածների գինը մինչ օրս պաշտոնապես չի ճանաչվել, եւ դա է իմ՝ այստեղ գտնվելու պատճառը։ Հայոց Ցեղասպանության պատմությունը պատմություն է, որի ժխտման դեմ մենք դեռ պայքարում ենք:
Ես այնքան ուրախ եմ, որ պապիկս ինձ հետ միասին այցելել է հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի շնորհանդեսին։ Մենք ոչ միայն ապրում ենք, այլեւ կշարունակենք բարգավաճել» , - տեսագրությունը մակագրել է Ալեքսիսը։



© NEWS.am STYLE