Սեքս, թմրանյութեր, ռոք ըն ռոլ. «Լենինգրադ» խմբի ֆենոմենը՝ սանկտպետերբուրգցի հայուհու աչքերով

18:06   18 ապրիլի, 2017

NEWS.am STYLE-ի գլխավոր խմբագիրը Սերգեյ Շնուրովին շատ է սիրում մեջբերել հատկապես՝ Հայաստանում եւ Ռուսաստանում նախընտրական քարոզարշավների ժամանակ: «Ընտրությունների օրը» ֆիլմում Շնուրովի հանրահայտ երգը, որի խոսքերն այստեղ հնարավոր չէ մեջբերել, մինչ օրս շատ արդիական է:

«Լենինգրադ» խմբի ղեկավարն ապրիլի 13-ին դարձավ 44  տարեկան, եւ մենք ծուլացանք  գրել Շնուրի մասին՝ մտածելով, որ  շատերը չեն կարդա … բայց մի քանի օր անց,  Պետերբուրգից անսպասելիորեն հայտնվեց Ռեգինան՝ որոշելով երեւանյան հարմարավետությանը պետերբուրգյան հմայք փոխանցել: Ուստի, Շնուրին նվիրված ձոնը մենք կգրենք, առավել եւս, որ պիտերյան ֆենոմենի մասին գրում է հենց  քաղաքի բնակիչը:

«Լենինգրադ» խմբի «День Рождения»  երգը նոր սերունդը հազիվ թե հիշի, բայց ավագներն այն սիրում են եւ առանձնահատուկ զգացողություններով են հիշում:  Ու չնայած Շնուրովը  մեզ հայտնի պատճառներով «ծնունդը չի նշելու», բայց պետերբուրգցի երկրպագուները նրա համար   «Շնորհավորի՛ր Շնուրովին»  ֆլեշմոբ են կազմակերպել: Ֆլեշմոբի նախաձեռնողը նկարիչ Ալեքսեյ Սերգիենկոն է,  ով նկարել է երաժշտի հսկա դիմանկարը երիցուկների մեջ:

Քանի որ աշխատանքը չի տեղավորվել արվեստանոցում, այն դրել են մուտքի մոտ, եւ երկրպագուները նարի վերեւի հատվածում իրենց շնորհավորանքներն են գրել հոբելյարին, լուսանկարվել ու տեղադրել նկարները սոցցանցերում՝ #сднемрожденияшнуров եւ #шнуроввромашку հեշթեգերով:

2000-ականներին, երբ «Լենինգրադը» հանդես էր գալիս երաժշտական փառատոները «տաքացնելու» համար, Ռուսաստանի քաղաքներում  ակումբներ էր լցնում եւ ֆուրոր առաջացնում՝ ալկոհոլիկներից մինչեւ մտավորականների շրջանում:
Այդ ժամանակներից ի վեր շատ բան է փոխվել. Շնուրովն ու նրա թիմը շատ փոփոխությունների են ենթարկվել՝ երաժիշտների արմատական փոփոխություն եւ ընդլայնում, առանձին համերգներ։ Փոփոխությունները վերաբերում են անգամ երգերի տեքստերին եւ ոճին:
Ու չնայած այդ թարմացումներին՝ խաղի առաջին տարբերակը չտուժեց: «Լենինգրադ» խումբը, առաջին հերթին, խաղ է՝ բառերի, կրակի, օրենքի, զանգվածների եւ նրանց մտքերի հետ խաղ: Իսկ յուրաքանչյուր խաղ թաքնված իմաստ եւ ուղերձ ունի:

Հայտնիություն ու ճանաչում խումբը ձեռք բերեց սկանդալային տեքստերի շնորհիվ: Շնուրովն ու նրա թիմը քննարկում էին ամեն ինչ: Հասարակությունը բավականին կոշտ արձագանքեց՝ կիսվելով որակ-քանակ հարաբերակցության:
Հայհոյախառն տեքստերն ու կատարման ամպստամբ ոճը  պատմություն է քանակի մասին: Սա լցնովի օղին է:
Որակն էլ ծնում են մարդիկ, ովքեր մեծացել են «Мне бы в небо», «Свобода», «Никого не жалко» եւ այլ երգերի ներքո: Դրանք ավագ սերնդի երկրպագուներն են, որոնց ծանոթ է բենդի անցած ճանապարհն ու պատմությունը: Սա արդեն մաքուր սպիրտն է:
Այսօր «Լենինգրադի» ունկնդիրը որակական նոր մակարդակի է բարձրացել:

Ինքը՝ Սերգեյը, շնորհալի ու փորձառու է, համեստ եւ հումորի լավ զգացողությամբ։ Հարցազրույցներում հեշտությամբ շրջանցում է անձնական եւ սադրիչ հարցերը: Նա սուր խոսք ունի, սիրում է փիլիսոփայական մեջբերումներ անել եւ ժողովրդի մեջ վաղուց արդեն սկսել է ընկալվել ոչ թե որպես երգիչ, այլ իդեոլոգ:
Բարոյախոսները գոռում են՝ «գռեհկություն», իսկ երկրպագուները ցածր պատասխանում են՝ «պետերբուրգյան հմայք». Haters gonna hate։

Շնորհավոր ծնունդդ, Սերգեյ, մի շտապիր դեպի երկինք:

Ռեգինա Մելիքյան



© NEWS.am STYLE