Գուրգեն Դաբաղյանը՝ նոր տեսահոլովակի, անձնական կյանքի եւ առաջիկա նորությունների մասին

13:15   19 ապրիլի, 2017

Գուրգեն Դաբաղյանն օրերս երաժշտասերների դատին հանձնեց իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Ոնց կսիրեի» երգի հիման վրա: Տեսահոլովակի ռեժիսորը Վահե Հարությունյանն է, իսկ երգը հեղինակել են Ռազմիկ Ամյանն ու Գրիգոր Կյոկչյանը:

«Ռազմիկն իմ ընկերն է, եւ նա երաժշտությունը նվիրեց ինձ: Մտածեցինք, որ լավ կլինի, եթե բառերը գրի Գրիգոր Կյոկչյանը, որը եւս իմ ընկերն է: Ահա, այդպես ստացվեց մեր համագործակցությունը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով նոր տեսահոլովակին, նշեց Գուրգենը՝ հավելելով.

«Կարծում եմ՝ երգը ստացված էր իր ձեւի մեջ, այդ պատճառով էլ որոշեցի, որ այն պետք է ունենա նաեւ տեսահոլովակ»:

Սիրո մասին երգող երգչից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ փոփոխություններ կան նրա անձնականում եւ, արդյոք, նրա երգերում ներկայացված գեղեցիկ սերը իրակա՞ն է դարձել նաեւ կյանքում.

«Դեռ նմանատիպ փոփոխություն չկա:) Ամեն ինչ նույնն է եւ շատ գործնական»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է երգչի համերգային ծրագրերին՝ նրա հայաստանյան երկրպագուները դեռ պետք է մի փոքր էլ սպասեն, իսկ, ահա, արտերկրի հայերի համար Գուրգենն անակնկալ ունի.

«Այս պահին Ռուսաստանում եմ, որտեղ մեկ ամիս համերգային շրջագայություններ եմ ունենալու: Այնուհետեւ համերգով հանդես կգամ Ստամբուլում, իսկ հետո՝ Ուկրաինայում»,-նշեց երգիչը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE