«Առօրյայում տարբերվում եմ էկրանային կերպարներիցս». Դալիթան՝ NEWS.am STYLE-ի գարնանային ֆոտոշարքում

12:02   20 ապրիլի, 2017

«Մանկական Եվրատեսիլ-2011» մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Դալիթա Ավանեսյանն արդեն մեկ տարի է, ինչ սովորում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում եւ իր ողջ ժամանակը տրամադրում է դասերին: Սակայն երգչուհին, այնուամենայնիվ, ժամանակ գտավ լուսանկարվելու մեր գարնանային ֆոտոշարքում, որտեղ հանդես է գալիս երկու տարբեր կերպարներում՝ բնության թագուհու եւ ծաղկի:

«Կերպարները լրիվ տարբեր են,  յուրովի ներկայացրած, երկուսն էլ հավանեցի: Բայց նշեմ, որ ծաղկի կերպարն ինձ համար նորություն էր, քանի որ առաջին անգամ էին դեմքիս վրա այդպես նկարում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով իր look-երին, նշեց Դալիթան՝ հավելելով.

«Շատ եմ լսում հաճոյախոսություններ, հաճելի է լսել կամ կարդալ, երբ համեմատում են ինձ նուրբ ծաղիկների կամ մուլտֆիլմերի արքայադուստրերի հետ :) »:

Խոսելով ոճային փոփոխությունների մասին՝ երգչուհին  նշեց. «Փորձում եմ ընտրել այն ոճը կամ անել այն, ինչ սազում է ինձ եւ համապատասխանում տարիքիս»:

Դալիթայից հետաքրքրվեցինք նաեւ, արդյոք, պատրա՞ստ է երբեւէ հրաժարվել իր համար արդեն այցեքարտ դարձած երկար վարսերից.

«Չգիտեմ:) Կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է»,-ասաց երգչուհին, որը բեմում եւ տեսահոլովակներում հիմնականում ներկայանում է վառ, ուրախ եւ դրական կերպարներով: Արդյոք Դալիթան այդպիսի՞ն է նաեւ իրական կյանքում: Հարցին երգչուհին պատասխանեց այսպես.

«Իհարկե, իրական կյանքում էլ եմ նույնքան երջանիկ, բայց պետք է ասեմ, որ բեմը եւ իրական կյանքը շատ տարբեր են ինձ համար` տարբեր միջավայրեր: Բնականաբար, առօրյայում  եւ տանը տարբերվում եմ բեմական եւ էկրանային կերպարներիցս»:

Վերջում Դալիթայի հետ խոսեցինք նաեւ ստեղծագործական նորությունների մասին.

«Ինչ սովորում եմ Ամերիկյան համալսարանում, շատ եմ զբաղված դասերով, փորձում եմ որքան հնարավոր է՝ դասերս համատեղել երգարվեստի հետ: Ունեմ նոր երգեր, որոնցից մի քանիսն էլ ինքս եմ գրել: Քննություններիցս հետո բավականին ազատ ժամանակ կունենամ եւ կզբաղվեմ ձայնագրություններով»,-նշեց նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Դիմահարդար՝ Սոնա Մուրադյան/Art House

Վարսահարդար՝ Սվետա Աբաջանյան

Դիզայներ՝ Անահիտ Հովհաննիսյան

Գլխազարդերի հեղինակ՝ Լիլիթ Կարապետյան



© NEWS.am STYLE