Օսկար Այզեքն ու Քրիստիան Բեյլը՝ Հայոց Ցեղասպանության եւ «Խոստումը» ֆիլմի մասին

09:27   20 ապրիլի, 2017

Մի քանի ժամ առաջ Օսկար Այզեքն ու Քրիստիան Բեյլը Facebook-ում The Hollywood Reporter-ի էջում խոսել են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի մասին, որում անվանի դերասանները հանդես են եկել գլխավոր դերերում:

Պարբերականի լրագրողի հարցին, թե ի՞նչ գիտեին Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի նկարահանումներից առաջ, դերասանները պատասխանել են.
Օսկար Այզեք. «Ես այդ մասին ոչինչ չգիտեի: Ինձ համար շոկ էր, երբ իմացա, որ ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել: Այնպես որ, ինձ համար այս ֆիլմը մեծ դրամա է, որը խորապես ցնցեց ինձ: Առավել եւս, որ հիմա փախստականների թեման այնքան արդիական է, ի դեպ, նույն տարածաշրջանից (Սիրիա), որտեղ կառավարությունը սպանում է սեփական ժողովրդին, եւ մարդիկ փորձում են փախչել»:

Քրիստիան Բեյլ. «Այո՛, ես նույնպես ոչինչ չգիտեի: Դա մեծ ողբերգություն է, որի մասին քիչ են խոսում: Հարկավոր է ուշադրություն դարձնել դրան, որպեսզի նման ողբերգությունները չկրկնվեն: Թերի Ջորջը (ռեժիսոր) հրաշալի ֆիլմ է ստեղծել, եւ նա ուզում է, որպեսզի երիտասարդությունը դիտի այն նաեւ կրթական նպատակներով: Ֆիլմի մասին հիմա շատ են խոսում, ինչն արդեն լավ է, առավել եւս, որ ժապավենից ստացված եկամուտը հարյուր տոկոսով բարեգործական նպատակների է ուղղվելու: Եվ Թերին շեշտադրել է այն, որ ֆիլմն ուսումնական լինի, տեղեկացնի ողբերգության մասին: Թերիի նկարահանումների հրապարակում հայեր կային, որոնց տատիկներն ու պապիկները պատմել էին Ցեղասպանության մասին, եւ մենք ուղղակի շփվում ու խոսում էինք նրանց հետ, ինչն օգնում էր կատարել մեր դերը: Շատ դժվար էր զգացմունքների մակարդակում նրանց հետ միասին վերապրել այդ ողբերգությունը»:



© NEWS.am STYLE