Երեւանի «խոսուն» դռները

21:07   23 ապրիլի, 2017

Երեւանում դռներ կան, որ ավելի խոսուն են, քան հայկական տարազը: Հենց, օրինակ, մեկը՝ Պուշկինի փողոցում: Դրա մասին ես գրելու: Նախ գրելու ես նախշերի մասին, որոնք  խոսում են իրար հետ, ինչպես քո մանկության հետսովետական մրջյունները՝ մանրահատակի վրայով սուրճի հատիկի կտորը տանելիս: Այն ժամանակ տներում դեռ ընդունված էր սրճաղաց պահել եւ իրար վրա թողնել սուրճն աղալու չտեսնված գործընթացը: Դուռը, որի մասին գրելու ես, նման է Երեւանին. բռնակը միայն ներսից է ( ասենք՝ ինչ իմանաս): Դրա համար միակ բանը, որ մնում է, դուռը թակելն է՝ հույսով, որ կբացեն: Բայց եթե չթակես, այլ  ձայնագրես  դուռը սկավառակի վրա, Մանսուրյան կստացվի, ու կուզենաս ուղղակի նստել կողքի աստիճաններին՝ հիշելով հին օրերի երգերը: Այնքան հին, որ  դեռ նույնիսկ ծնված չէիր:

- Իմ  «Беларусъ» դաշնամուրը չորս հարկ բարձրացրել են,- կասես՝ լռությունը խախտելու համար,- իսկ ես տենց էլ գամմաների հախից չեկա:

Լռությունն ավելի անտանելի կդառնա, ու դուռը կուզենա, որ իրեն հանգիստ թողնեն:

- Եթե իմանանք, թե որտեղ է ապրում մրջյունը, կարելի է նրան օգնել տեղ հասցնել ամեն տեսակ անհասկանալի բաներ՝ սուրճի հատիկի կամ հացի փշրանքի նման:

Նա սրան էլ չի պատասխանի:.

 - Ձեր ապակիները կոտրել են,- կասես՝ նրան հունից հանելու համար:

Իզուր:

Տարազը բազմաթիվ գույներ ունի, ու դրանք անընդհատ ինչ-որ բանի մասին են խոսում: Դու նախշազարդ պայուսակ ես գնում, ու այն պատմում է թաթար-մոնղոլական արշավանքի, Վանա լճի, արեւածաղիկ վաճառող Շուշան մորաքրոջ մասին: Ի դեպ, նա կարողանում էր գլանաձեւ փաթաթել միայն թերթը, եւ այնպես չէ, որ դու արեւածաղկի սիրահար էիր, բայց զվարճալի էր հետեւել A4 թուղթը փաթաթելու նրա անհաջող փորձերին: Եթե այդ պայուսակը մի րոպե լռեր, կլսեիր, թե ինչպես ոչինչ տեղի չի ունենում, ինչպես է անշարժ կանգնած երբեմնի սպիտակ դուռը՝ չկամենալով երկխոսության մեջ մտնել: A4 ձեւաչափի սպիտակ դուռը, որը չես կարող գլանաձեւ փաթաթել, որը լսում է ինչ-որ պայուսակի շաղակրատանքը՝ չնայած գիտի, որ երբեմն սուրճի հատիկն ընդամենն առիթ է մրջյունի համար՝ տանից դուրս գալու: Գիտի, որ դու էլ, ի վերջո, ուսից կիջեցնես շատախոս, գունագեղ ծանրությունը, քանի որ այն չափազանց շատ բանի մասին է հիշեցնում, շատ է թափառել, իսկ ոմանք առանց Պուշկինից հեռանալու էլ ամեն ինչ գիտեն:

 - Դե, ճիշտն ասած՝  Կողբացուց:

- Վստա՞հ եք:

 - Չէ:

Վեներա Ավետիսյան

 



© NEWS.am STYLE