«Բուրժուազիայի համեստ հմայքը». երազ՝ երազում երազների մասին, որոնք կատարվում են իրականում

22:02   25 ապրիլի, 2017

Լուիս Բունյուելի «Բուրժուազիայի համեստ հմայքը» որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ ներկայացվել է «Օսկար»-ի: Արդա՞ր է, արդյոք, կարող եք որոշել միայն դուք:

Երգիծական պատմություն՝ հերոսների ճաշելու համառ ցանակության եւ ոչ պակաս համառ հանգամանքների մասին, որոնք խոչընդոտում են դա անել: Կարճ ասած՝ ծաղր բուրժուազիայի եւ նրանց կենսակերպի նկատմամբ: Իսկ ավելի կարճ՝ երազ՝ երազում երազների մասին, որոնք տեղի են ունենում իրականում: Առավել կարճ՝ իրականությունը:

Ֆիլմն այնպես է փոխանցում ժամանակների ռիթմը, որ անգամ սկզբնական լուսագրերն են ձգվում 2 րոպե: Ժամանակակից լսարանի համար սա անթույլատրելի շքեղություն է, հանդիսատեսի համբերության փորձություն: Բյաց տպավորությունը հարթում է  արագ զարգացող սյուժեն՝ հանկարծակի շրջադարձով. օրինակ, 15 կգ կոկաին՝ դեսպանի առանձնասենյակում:  Այնուհետեւ ավելի աբսուրդային եղանակով շարունակվում է սյուրռեալիստական սյուժեն՝ ռեստորանի տիրոջ դիակը հարեւան սենյակում, հոգեւորական-այգեպանը, կոմիսարը, ով առաջին անգամ է ձերբակալություն կատարում, «արտաքին գործերի նախարարը», ճաշ՝ երեկոյան ժամը 9-ին, սնոբիզմ, բուտաֆորական սնունդ եւ այլ բաներ:

«Հոլիվուդյան» ֆիլմերով մեծացած մարդկանց համար այս ֆիլմը հասկանալը եւ ըստ արժանվույն գնահատելը հեշտ չի լինի: Ստիպված եք լինելու հրաժարվել ֆիլմից ձեր սովորական սպասումներից եւ պատրաստ լինել նրան, որ ոչ մի բանի չես կարող պատրաստ լինել:

Խնջույք կազմակերպել հանգուցյալի ներկայությումբ՝ վատ վարքագծի դրսեւորում է: Ուշանալ ճաշից՝ վատ վարքագծի դրսեւորում է, ամուսնուն դավաճանել լույսն անջատված վիճակում՝ պատվի հարց է: Բայց աբսուրդի վարագույրը բացում է բարբարոսական երկրի դեսպանը, ով հյուրասիրում է  մաքուր կոկաինով:

Այս ամենից բացի՝ լուսագրերում ռեժիսորը նշվում է նաեւ որպես ձայնային էֆեկտների հեղինակ: Սա առանձնահատուկ հետաքրքրիր է նրանով, որ ռեժիսորն այդ ժամանակ արդեն խուլ էր:

Որոշ սյուրռեալիստական պահեր կարելի է բացատրել միանգամայն տրամաբանորեն. դաշանամուրի վրա հարձակվող խավարասերները կադրում են միայն ռեժիսորի՝ նման պատկերների նկատմամբ նախասիրության պատճառով:

Պերճախոսության գագաթնակետն այն պատկերն է, որ բոլոր գլխավոր հերոսները  գնում են ճանապարհով՝ անշտապ, աննպատակ եւ բացարձակապես անտարբեր հայացքով: Շարժում, թե՞ պտույտ տեղում:

«Բուրժուազիայի համեստ հմայքը» պատմությունը փաստացի հարուստ, բայց հոգով աղքատ գյուղացիների մասին է: Սակայն երկերեսանիության այս թատրոնում կա մի կերպար՝ երիտասարդ աղջիկ, ով ոչ մի բանում՝ ալկոհոլ, թմրանյութ, իրեն չի սահմանափակում: Նա միակն է, ով չի դիմակայում հերոսներին, բայց բոլոր կերպարների փարիսեության հակադրությունն է:

Ցանկության դեպքում ֆիլմը հեշտությամբ կարելի է ոչնչացնել, բայց բարդ է դիպչել անգամ դերասանական խաղին, քանի որ հնարավոր չէ վստահորեն ասել, որ հենց այդպես պլանավորված չի եղել ի սկզբանե:

Անմտության աստիճանը հասցված է աբսուրդի ամեն մի դետալում: Անհեթեթ իրավիճակները հաջորդում են մեկը մյուսին: Եթե ֆիլմի սկզբում հերոսները ընդհանրապես չէին կարողանում պատվեր անել, ապա ֆիլմի վերջում  յուրաքանչյուրը ստանում է իր սիրելի պատառը: Դալիից շատ է հեռու, բայց դիտել արժե, թեկուզ նրա համար, որ լիակատար սյուր է:

 

Ռեգինա Մելիքյան



© NEWS.am STYLE