Շավո Օդաջյանը դարձավ 43 տարեկան. հետաքրքիր փաստեր` մեր հայրենակցի եւ System of a Down-ի ստեղծման մասին

16:25   22 ապրիլի, 2017

System of a Down հայտնի ռոք խմբի բաս կիթառահար, հայազգի երաժիշտ Շավո Օդաջյանն այսօր՝ ապրիլի 22-ին, նշում է ծննդյան 43-ամայկը:

Օդաջյանը ծնվել է Երեւանում, սակայն վաղ տարիքից բնակվում է Լոս Անջելեսում:

Ի դեպ, Շավոն եւ SOAD-ի մեր մյուս հայրենակիցները՝ Սերժ Թանկյանն  ու Դարոն Մալաքյանը, Լոս Անջելեսում նույն դպրոցում են սովորել:

Իր հարցազրույցներից մեկում Շավոն նշել է, որ փոքր տարիքում սքեյթբորդինգով էր զբաղվում եւ սիրում էր լսել փանք-ռոք: Նրան հիմնականում ոգեշնչել են The Beatles եւ Black Sabbath խմբերը:

Ուսանողական տարիներին Օդաջյանը դարձավ Soil բենդի մենեջերը, որտեղ 1993 թ-ից հանդես էին գալիս նաեւ Թանկյանն ու Մալաքյանը: 1995 թ-ից Շավոն դարձավ խմբի բաս կիթառահարը, իսկ հետո խումբը սկսեց կոչվել System of a Down:

Խմբի անվանման համար հիմք է հանդիսացել Դարոնի բանաստեղծությունը, որը կոչվում էր Victims of a Down: Սակայն Շավոյին դուր չի եկել victims (զոհեր) բառը եւ դրա փոխարեն նա նախընտրել է system բառը՝ համոզված լինելով, որ այդպես իրենց խումբն ավելի լայն շերտերի կհետաքրքրի:

Ի դեպ, Օդաջյանը բացի երաժշտությունից, զբաղվում է նաեւ ռեժիսուրայով: SOAD-ի հոլովակներից շատերի ռեժիսորն ու մոնտաժողը հենց ինքն է:

Մեր տաղանդավոր հայրենակիցը նաեւ հրաշալի նկարիչ է: Նրա աշխատանքները երեւում են System of a Down-ի տեսահոլովակներից շատերում: Երաժիշտը նախընտրում է աբստրակտ ոճը:

Բացի այդ, Օդաջյանը հասարական ակտիվ գործիչ է, որը պայքարում է մարդու իրավունքների եւ Հայոց Ցեղասպանության ճանաչման համար:

«Յուրաքանչյուրն, ով խոսել գիտի, պետք է իր ձայնը ճիշտ եւ կշռադատված օգտագործի»,-մի առիթով ասել է նա:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է Շավո Օդաջյանին՝ նրան մաղթելով նոր վերելքներ եւ հաջողություն՝ նրա ձեռնարկած կարեւորագույն գործերին:



© NEWS.am STYLE