«Խոստումը» ոչ միայն ցեղասպանության մասին է, այլեւ՝ կյանքի (ֆոտո/վիդեո)

17:35   24 ապրիլի, 2017

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Երեւանում կայացել է «Խոստումը» ֆիլմի փակ դիտումը, որին մասնակցել են լրագրողները, արտիստները եւ հասարակական գործիչները։ Ֆիլմի հայերեն կրկնօրինակումն իրականացրած դերասանները դիտումից հետո լրագրողների հետ կիսվեցին իրենց տպավորություններով։

Ֆիլմում թուրք վարորդի կրկնօրինակող Մխիթար Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Տպավորված եմ ֆիլմից շատ, երկրորդ անգամ եմ նայում։

Ինչու եմ տպավորված, որովհետեւ սիրո թեման է նաեւ արծարծված։ Ո՛չ, մենք ոչ միայն կոտորվել ենք, այլեւ՝ պայքարել, ու այս ֆիլմում դա ցայտուն երեւում է»։

Դերասանուհի Սիրանույշ Լազյանը, ով կրկնօրինակել է Անժելա Սարաֆյանին, նշեց, որ հպարտ է, որ նման ֆիլմ կա. «Հպարտ եմ, որ երեխաներիս ցույց տալու բան կունենամ։ Մեր պատանեկության տարիներին նման ֆիլմեր չկային, թերեւս, միայն «Մայրիկն» էր։ Իսկ հիմա իմ երեխան կարող է նայել որակով, հարուստ պատմությունով լի եւ ճիշտ ֆիլմ»։

Բոլորովին այլ կարծիք ունի Բաբկեն Չոբանյանը։ Ըստ նրա՝ ֆիլմում կան շեղումներ, բայց դրանց վրա կենտրոնանալ չարժե. 

«Փոքր փաստեր կան, որոնց մասին շատերը տեղյակ չեն, բայց պետք չէ դրա հետ հաշվի նստել։ Այնքան մեծ հարց է բարձրացվում ֆիլմում՝ մեծ մասշտաբով, որ եթե որեւէ բան այնպես չի... Ի վերջո, սա ստեղծագործական աշխատանք է։ Քննդատելու բան ցանկացած դեպքում կարելի է գտնել, բայց սա այդ դեպքը չէ։

Կգտնվեն մարդիկ, ովքեր «ցեղասպանություն» բառը կփնտրեն, որը չհնչեց, բայց ես դրա անհրաժեշտությունը չզգացի։ Ողբերգությունը ներկայացված է սառնասրտությամբ՝ առանց հույզերի, բաց դա լավ է»։

Հավելելնք, որ ֆիլմում Օսկար Այզեքի հերոսին կրկնօրինակել է Սամվել Թոփալյանը,  Շարլոտ Լը Բոնին՝ Զարուհի Հովհաննիսյանը,  Քրիստիան Բեյլին՝ Խորեն Լեւոնյանը, բայց նրանք ներկա չէին կինոդիտմանը։

Քըրք Քըրքորյանի «Survival Pictures» ընկերության կողմից ստեղծված «Խոստումը» ֆիլմը բեմադրել է «Հոթել Ռուանդա» ֆիլմի պրոդյուսեր և oսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը՝ դերասանական կազմը համալրելով համաշխարհային աստղերով, ինչպիսիք են՝ Օսկար Այզեքը, Շարլոտ լը Բոնը, Քրիստիան Բեյլը, Շոհրե Աղդաշլուն, Անժելա Սարաֆյանը և այլք:

Ֆիլմում 1914 թվականի դեպքեր են: Առաջին Համաշխարհային պատերազմի նշմարման հետ կանխատեսվում էր հսկայական Օսմանյան կայսրության փլուզումը: Եվս մի կենսունակ, բազմամշակութային մայրաքաղաք Կոստանդնուպոլսին (Ստամբուլ) քաոս էր սպառնում: Միքայել Պողոսյանը (Օսկար Այզեք) բժշկություն ուսանելու նպատակով ժամանում է կոսմոպոլիտ կենտրոն՝ մտադրություն ունենալով ժամանակակից բժշկական գիտելիքներով վերադառնալ Թուրքիայի հարավում գտնվող իր պապենական գյուղ՝ Սիրուն, որտեղ թուրք մուսուլմաններն ու հայ քրիստոնյաները դարեր շարունակ ապրել են կողք կողքի: Ֆոտոլրագրող Քրիս Մայերսը (Քրիստիան Բեյլ) եկել է աշխարհաքաղաքական հարցեր լուսաբանելու նպատակով: Նա համակված է հայ նկարչուհի Անայի (Շարլոտ լը Բոն) նկատմամբ ունեցած սիրով: Անան հոր հանկարծակի մահից հետո տեղափոխվել էր Փարիզ: Երբ Միքայելը հանդիպում է Անային, ընդհանուր հայկական ծագումը մտերմացնում է նրանց, ինչը երկու տղամարդկանց միջև մրցակցության պատճառ է դառնում, չնայած նրան, որ Միքայելին դեռևս պահում է անցյալի իր խոստումը։Սակայն շուտով Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ միանում է Գերմանիային և սկսում դաժանաբար ոչնչացնել իր սահմաններում ապրող ազգային փոքրամասնություններին։ Չնայած նրանց միջև ընդհարումներին, յուրաքանչյուրը գոյատևման իր ուղին է բռնում. նույնիսկ հերոսներն են կանգնում իրենց կյանքը փրկելու խնդրի առաջ:

Ի լրումն աստղային դերասանական կազմի՝ երաժիշտ ու ակտիվիստ Սերժ Թանկյանը հանդիսացել է ֆիլմի երաժշտական մասի խորհրդատուն ու նպաստել ֆիլմի սաունդթրեքի համար հայկական ժողովրդական «Սարի սիրուն յար» երգի ժամանակակից ներկայացմանը: Ֆիլմի սկզբնական թեմատիկ երաժշտության հեղինակը «Soundgarden» խմբի երգիչ և կիթառահար Քրիս Կորնելն է, իսկ ֆիլմի սաունդթրեքի հեղինակը՝ օսկարակիր Գաբրիել Յարեդը (The English Patient): 

Ֆիլմից գոյացած ողջ հասույթը կնվիրաբերվի հասարակական կազմակերպություններին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

 

 



© NEWS.am STYLE